Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Ազգային ժողովում 2018 թ. ապրիլի 17-ին ունեցած ելույթին։ Այդ օրը ԱԺ-ն վարչապետի պաշտոնին էր ընտրում Սերժ Սարգսյանին, որը ներկա էր նիստին։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Մարուքյանն իր խոսքում անդրադարձել էր բոլորին, բացի հենց Սերժ Սարգսյանից, և ավելացրել. «Ապրիլի 17-ին է այս ելույթը։ Ապրիլի 17-ն այն օրն է, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքված էին Բաղրամյան փողոցում։ Ապրիլի 17-ը այն օրն է, երբ ժողովրդի դեմ օգտագործվել են նռնակներ, որոնցից, օրինակ, Մարտի 1-ին մարդիկ են զոհվել։ Ապրիլի 17-ին վիրավորվել եմ ես և մազապուրծ եմ եղել մահից»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտում է, որ 2018-ի ապրիլի 17-ին Բաղրամյան փողոցում ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ նռնակներ է օգտագործել, մինչդեռ քաղաքացիների և ոստիկանության միջև բախումները տեղի էին ունեցել ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 17-ին թեև քաղաքի որոշ հատվածում բախումներ եղել էին, սակայն ոստիկանությունը հատուկ միջոցներ չէր կիրառել։
Բացի այդ, Սիմոնյանը պնդել է, որ 2008 թ. մարտի 1-ին և 2018 թ. ապրիլի 17-ին կիրառվել են միևնույն հատուկ միջոցները։
«Փաստերի ստուգման հարթակին», սակայն, ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ապրիլի 17-ին կիրառվել են «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ և «Սվիրել» (ԱՍԶ-40) տեսակի լուսաձայնային արկեր։
Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ին, ապա այդ օրերի իրադարձությունները քննող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածներից 3-ը զոհվել են ոստիկանության կողմից կիրառված արցունքաբեր գազի՝ «Չերյոմուխա 7»-ի պատճառով, հինգը՝ հրազենային վիրավորումից, մեկը՝ մարտական նռնակի պայթյունի հետևանքով, մեկն էլ բութ գործիքի հարվածից։
Իսկ ոստիկանությունը հատուկ միջոց արցունքաբեր գազ վերջին անգամ կիրառել է 2016 թ․ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում, ինչի հետևանքով 51 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, որոնցից 28-ը՝ ոստիկան։
Փաստացի, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե 2018 թ. ապրիլին ոստիկանությունը քաղաքացիների դեմ կիրառել էր նույն նռնակները, որոնցից Մարտի 1-ին մարդիկ էին զոհվել, չի համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան