«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փետրվարի 11-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները նշանակվել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Զուրաբյանը հարցազրույցում, մասնավորապես, նշել էր. «Այդ 7 մարդը (ՍԴ անդամները-խմբ.) նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ավազակային խմբակի կողմից: Նշանակվել են մեկ նպատակով՝ օգնել նրանց պահպանել իրենց ավազակապետությունը: Հիմա ավազակապետությունը դեմոնտաժի մեջ է գտնվում, բայց մնացել են այն մարդիկ, ովքեր կարող են էդ դեմոնտաժի ցանկացած էտապում արգելքներ առաջացնել…»:
Հարցազրույցի ընթացքում Զուրաբյանը խոսել էր նաև Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման և դրա վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշման մասին։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք Զուրաբյանի հայտարարությունը, թե ՍԴ անդամները նշանակվել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:
Սահմանադրական դատարանի անդամների ընտրության կարգը
1995-ի հանրաքվեով ընդունված (այդ թվում՝ 2005-ին փոփոխված) Սահմանադրության 99-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ ինն անդամից հինգին նշանակում էր Ազգային ժողովը, չորսին` հանրապետության նախագահը:
2015-ին ընդունված Սահմանադրությամբ ՍԴ անդամների ընտրության կարգը փոխվել է։ 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են հանրապետության նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ տասներկու տարի ժամկետով:
Ներկայում պաշտոնավարող 9 դատավորներից 7-ը նշանակվել են հին կարգով (1995 թվականի Սահմանադրության կարգով): Նրանց թվում վերջինը Հրայր Թովմասյանն է, որը Սահմանադրական դատարանի անդամ է դարձել 2018 թվականի մարտի 2-ին՝ նոր կարգի ուժի մեջ մտնելուց մոտ մեկ ամիս առաջ (2015 թ. ընդունված Սահմանադրության 7-դ գլուխը՝ դատարանների և բարձրագույն դատական խորհրդի մասին, ուժի մեջ է մտել 2018 թ. ապրիլի 9-ին)։
Ե՞րբ են ընտրվել Սահմանադրական դատարանի գործող անդամները
Ներկայում Սահմանադրական դատարանի դատավորներն են Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը:
Ինչպես նշեցինք, ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Օրեր անց նա ընտրվել էր ՍԴ նախագահ՝ Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում:
Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ Գրիգորյանը՝ 2019 թ. հունիսի 18-ին:
Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով։ Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ է դարձել երկու անգամ: Առաջին անգամ ՍԴ դատավոր է նշանակվել՝ 1996-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ապա 2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրել է նրա լիազորությունները՝ Գյուլումյանի դիմումի համաձայն: Դրանից հետո 11 տարի շարունակ Գյուլումյանը զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը:
2014-ին նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակել է Գյուլումյանին ՍԴ անդամի պաշտոնում: 2020 թ. հունվարի 17-ին Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։
Հրանտ Նազարյանը ՍԴ անդամ է նշանակվել 1996 թ. փետրվարին՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իսկ Ֆելիքս Թոխյանը՝ 1997 թ. սեպտեմբերին՝ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ:
Աշոտ Խաչատրյանը ՍԴ անդամ է նշանակվել 2010 թ. դեկտեմբերին: Արևիկ Պետրոսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՍԴ անդամ է դարձել 2010 թ. դեկտեմբերին:
Արաիկ Թունյանը ՍԴ անդամ է նշանակվել 2014 թ. հունիսի 9-ին Ազգային ժողովի որոշմամբ։ Մինչ այդ Թունյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր։
Փաստացի՝ ՍԴ անդամներից 2-ը՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, պաշտոնավարում են, համապատասխանաբար, 1996 և 1997 թվականներից, երբ հանրապետության նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին՝ ներկայում ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն առաջին անգամ ՍԴ անդամ է դարձել 1996 թվականին՝ նույնպես Տեր-Պետրոսյանի օրոք: Իսկ մյուս չորս դատավորներն ընտրվել են Սերժ Սարգսյանի օրոք։
Այսպիսով, Լևոն Զուրաբյանի պնդումը, թե ՍԴ 7 անդամները նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ավազակային խմբակի կողմից», սխալ է, քանի որ նրանցից առնվազն 2-ը նշանակել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:
Լուսինե Ոսկանյան