Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարից առաջ այդ կուսակցության մամուլի խոսնակ և փոխնախագահ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո այդ կուսակցությանը մեկ օրում որոշել է միանալ ևս 7000 հոգի։
Շարմազանովի՝ մեկ օրվա մասին խոսքերը, սակայն, չեն համապատասխանում իր կուսակիցների հայտարարություններին։ Մասնավորապես, անդրադառնալով թեմային, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Aysor-ի հետ զրույցում նշել է, որ 7000 մարդ մեկ օրում չի անդամակցել կուսակցությանը, խոսքը կուսակցությանը վերջին ժամանակներում անդամակցած մարդկանց թվի մասին է։
Ավելին, 7000 մարդու՝ մեկ օրում կուսակցությանն անդամագրվելու մասին տեղեկությունը հերքեց հենց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցական պաշտոնյան հայտնեց, որ 7000 հոգու անդամագրման գործընթացը չի տեւել մեկ օր։ «Դա մեկ օրում չի եղել, ուղղակի համագումարից առաջ պարոն Կարապետյանի անդամագրության հետ կապված… մեկ օրում չեն կարող 7 հազար… մի քանի օրվա ընթացքում է եղել։ Եթե նայենք դիմումների վրա առկա տվյալները, ապա դա մի քանի օրվա ընթացքում է եղել»,- մասնավորապես, ասել է Թադեւոսյանը։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ կամ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է սուտ տեղեկություններ ներկայացրել, կամ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ու ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: