«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:
Այս անգամ դիտարկել ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Արգիշտի Քյարամյանին է պատկանում 5 հողամաս, որոնցից երեքը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, մեկը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, մյուսը՝ Ծաղկաձոր համայնքում, 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում է, իսկ մյուսը՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և 1 ավտոտնակ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, իսկ համատեղ սեփականության իրավունքով՝ բնակարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Որպես շարժական գույք Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված՝ 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։
2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Քյարամյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ՔԿ-ից ստացած աշխատավարձը՝ 18 մլն 647,197 դրամ, իսկ ահա հաջորդ տարի նրա տարեկան եկամտի չափը ՔԿ-ից զգալի աճել է․ ըստ 2023-ի հայտարարագրի՝ ՔԿ-ից ստացած աշխատավարձը 27 մլն 574,123 դրամ է կազմել։ Բացի այդ, հայտարարագրել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 632.15 դոլար։
Այսպիսով, Քննչական կոմիտեի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը 2023-ին կազմել է 27 մլն 820,686.79 դրամ։
2022-ի տարեվերջի դրությամբ Քյարամյանի բանկային հաշիվներին եղել է 23 հազար 578.5 դրամ, իսկ 2023-ի տարեվերջի դրությամբ՝ 54 եվրո և 1 մլն 084,746.9 դրամ։
ՔԿ նախագահի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 50 հազար դոլար և 42 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 50 հազար դոլար և 52 մլն դրամ։
Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդների մասին տվյալներ. 2022 թվականին՝ 1494.28 դոլար և 10 հազար դոլար, իսկ 2023-ին՝ 10 հազար դոլար։
ՔԿ նախագահը ծախսերի բաժնում 2022 թվականին ներկայացրել է հանգստի համար կատարված ծախսերը՝ 2 մլն 300 հազար դրամ, իսկ 2023-ին՝ նույն նպատակով այդ ծախսերը կազմել են 3 մլն 544 հազար դրամ։ Քյարամյանը նաև հայտարարագրել է ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար՝ 2 մլն 200 հազար դրամ։
Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, որը չի աշխատում, հայտարարագրել է բանկային խոշոր չափի ավանդներ։ Մասնավորապես, 2022 թվականին նա տարբեր հաշիվներին ունեցել 4 հազար 323․77 դոլար, 11 հազար 791․28 դոլար, 2 հազար 200 դոլար (ընդհանուր՝ 18 հազար 315․05 դոլար) և 188 հազար դրամ ավանդ խնայողություն, իսկ 2023-ին դրանց թիվը կտրուկ աճել է․ ընդհանուր՝ 20 հազար 178,98 դոլար և 3 մլն 438 հազար դրամ։
2023 թվականի հայտարարագրի համաձայն, Ռուզաննա Քյարամյանի բանկային հաշիվներին տարեվերջին եղել է 198 հազար 970 դրամ և 133 հազար 321․9 դրամ (ընդհանուր՝ 332 հազար 291․9 դրամ), էլեկտրոնային հաշվին՝ 500 դրամ։ 2022 թվականի հայտարարագրում նույն բաժնում տվյալներ չկան։
Որպես կանխիկ գումար՝ 2022-ին հայտարարագրել է 27 մլն դրամ և 47 հազար դոլար, իսկ 2023 թվականին՝ 29 մլն դրամ և 47 հազար դոլար։
ՔԿ նախագահի կինը 2022 թվականին ստացել է 159 հազար 585.1 դրամ եկամուտ, իսկ 2023-ին՝ 243 հազար 328.28 դրամ։ Քյարամյանի կնոջ այս եկամուտը տրված փոխառության դիմաց ստացված տոկոսն է։
Անշարժ և շարժական գույք ՔԿ նախագահի կինը չի հայտարարագրել։
Այսպիսով, Արգիշտի Քյարամյանի և նրա կնոջ 2022 և 2023 թվականների հայտարարագրերում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տարվա վերջում առկա տվյալները նույնն են։ Պարզապես, 2022 թվականի համեմատ 2023-ին կտրուկ աճել են ՔԿ նախագահի ու նրա ընտանիքի անդամի եկամուտներն ու կանխիկ գումարները։
Սյուզաննա Համբարձումյան