«5-րդ ալիքը» հոկտեմբերի 22-ի լուրերի թողարկման ժամանակ «Քարոզչական թաղումներ Ադրբեջանում. Ալիևին սկսել են անիծել» վերնագրով ռեպորտաժ է ներկայացրել (10։40 րոպեից), որտեղ հեղինակը խոսում է Բաքվում հասունացող դժգոհությունների նախանշաններից՝ որպես փաստ ներկայացնելով ցուցարարներից մեկի բողոքը։
Հեղինակը պնդում է, որ զինծառայողների հուղարկավորությունների ժամանակ հնչող հակահայկական կոչերի ագրեսիան կարող է շրջվել Ալիևի դեմ։
«Ի՞նչ է, այդ հողը (Ղարաբաղը- խմբ.) պետք չեկա՞վ նրանց, ես այստեղ մեռա սպասելով, էլ չեմ սպասելու»,- ռեպորտաժում ներկայացվում է (11:36 րոպեից) բողոք արտահայտող Ադրբեջանի քաղաքացիներից մեկի խոսքը։ Ռեպորտաժում երևում է, թե ինչպես են ոստիկանները քաշքշում բողոքող քաղաքացուն, և լրագրողը եզրակացնում է, որ հիմա անգամ Բաքվի փողոցներում «Ղարաբաղ» գոռալու համար հավաքվածներն են վտանգավոր Ալիևի համար։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ ընդդեմ իշխանությունների նշված քաղաքացու բողոքը մեկ տարվա վաղեմություն ունի։
Այսպես, «5-րդ ալիքի» ռեպորտաժում ներկայացված անձը Յաշար Աֆարովն է, որի մասնակցությամբ այս բողոքի ակցիան, ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական Meydan.tv-ի յութուբյան էջում տեղադրված տեսանյութից, տեղի էր ունեցել 2019 թ. հոկտեմբերին։ Յաշար Աֆարովը մասնակցել էր հակաիշխանական ցույցին՝ ներկայանալով որպես Զանգելանից (Կովսական) տեղահանված։
Ավելին, նույն քաղաքացին այս օրերին ևս հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը՝ այս անգամ նշելով, որ իր դիրքորոշումը փոխվել է և ինքը սատարում է պետությանն ու կառավարությունը։
Իհարկե, հնարավոր չէ բացառել, որ Ադրբեջանում դժգոհություններ կլինեն՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական հանրությանն այս օրերին տեղեկատվություն ստանում է միայն պաշտոնական լրահոսից։ Սեպտեմբերի 27-ից սկսված ինտենսիվ մարտերին զուգընթաց՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ սահմանափակում է ինտերնետ կապի հասանելիությունը։
Բացի այդ, Ադրբեջանը ոչ միայն չի հայտնում զոհված զինծառայողների թվերը, այլև Ադրբեջանցի զինծառայողների դիերն արդեն մի քանի շաբաթ է ընկած են շփման գծում, և Ադրբեջանը հրաժարվում է դրանք վերցնել։ Հոկտեմբերի 10-ին, երբ ադրբեջանական կողմը երկրորդ անգամ էր տապալել մարդասիրական նպատակներով կրակի դադարեցումը, Բաքվի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ:
Թերևս, հարկ է արձանագրել, որ այս օրերին, ռազմական գործողություններին զուգահեռ, ակտիվ պայքար է ընթանում նաև տեղեկատվական տիրույթում։ Բազմիցս կոչ է արվել հետևել տեղեկատվական հիգիենայի կանոններին՝ զերծ մնալ ցանկացած տիպի ապատեղեկատվություններից և մանիպուլյացիաներից՝ անգամ, եթե դրանք ձեռնտու են հայկական կողմին և ուղղված են հակառակորդի դեմ։
Նելլի Լազարյան