Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի մարտի 26-ի ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով տուրիստների՝ Հայաստան ժամանելու հարցին, ասել էր, որ 2021 թվականին 2020-ի նկատմամբ կանխատեսվում է տուրիզմի 319% աճ։
«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի․․․ մարտ ամսին արդեն ունենք պարսիկների մեծ՝ բավական մեծ խումբ։ Հիմա Նովրուզ է, և շատ մարդ կա։ Եվ մենք ապրիլին գիտենք, որ ավելի շատ ամրագրումներ կան, մայիսից արդեն պլանավորում ենք մտնել լրիվ նորմալ, ոչ իհարկե ոնց որ 2019-ին, բայց արդեն ընդունելի և նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319%-ով, այսինքն՝ 2019-ի նկատմամբ -20-25% է, բայց 2020-ի նկատմամբ +319% է»,- ասել էր նա։
Քերոբյանի այս հայտարարությունը քննարկումների առիթ էր դարձել հայաստանյան մեդիայում։
Շատերը հնարավոր չէին համարում տուրիզմի ոլորտում նախարարի հնչեցրած 319% աճը: Այնուհանդերձ, Քերոբյանն ապրիլին բացատրեց, թե ինչպես են ստացել հայտարարված թիվը։
«2020 թվականին Հայաստան է եկել մոտավորապես 375 հազար 800* չգիտեմ քանի տուրիստ, հունվար-փետրվար ամիսներին ա եղել հիմնականում, մինչև մարտ ա եղել, և իհարկե տարվա ընթացքում կամաց-կամաց փոքր-փոքր թվերով եկել են ավիահաղորդակցության վերականգնմանը զուգընթաց։ Էս տարվա մեր պլանը 1 մլն 200 հազար տուրիստ ա, և եթե բաժանում եք 1 մլն 200 հազարը՝ 375 հազարի, ստացվում է կոնկրետ էն թիվը, որը ես հնչեցրել եմ»։
Արդեն հուլիսին Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում նշված թեմայի վերաբերյալ հրապարակում կատարեց՝ վերահաստատելով, որ «տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2021 թվականի զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակումը և պարզել, որ Քերոբյանի հնչեցրած կանխատեսումները չեն իրականացել։
Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2020 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը եղել է 360,338**, իսկ 2021 թվականին՝ 870,308։ Սա 2․4 անգամ ավելի է 2020 թվականի ցուցանիշից։ 2021 թվականին զբոսաշրջությունը 2020 թվականի նկատմամբ աճել է 241․5%-ով, որը նույնպես տպավորիչ է հետ համավարակային պայմաններում, բայց հեռու է էկոնոմիկայի նախարարի հնչեցրած 319%-ից։
Քերոբյանը նաև նշել էր, որ կանխատեսվող ցուցանիշը 2019 թվականի համեմատ -20-25%-ով ցածր կլինի։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին Հայաստան է ժամանել 1,894,377 զբոսաշրջիկ։ 2021 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2019-ին ժամանածների թվից պակաս է 54․05%-ով։ Այսինքն՝ Քերոբյանի մյուս կանխատեսումը, թե 2021-ի ցուցանիշը 2019-ի ցուցանիշից պակաս կլինի 20-25%-ով, դարձյալ չի իրականացել։
Նարեկ Մարտիրոսյան
*Վահան Քերոբյանի հայտարարած ցուցանիշը վերցված է զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական տվյալներից։ |
**Տվյալը վերցված է զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հրապարակումից, որտեղ 2020 թվականի տվյալն արդեն ճշգրտված է։ |