2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:
Կորոնավիրուսային համավարակը և Արցախյան երկրորդ պատերազմը է՛լ ավելի նպաստեցին կեղծ թեզերի շրջանառմանը սոցցանցերում և լրատվամիջոցներում։
«Փաստերի ստուգման հարթակն» ընտրել է տարվա ընթացքում ամենամեծ տարածում և հասարակական հնչեղություն ստացած 10 կեղծ պնդումները:
1. Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
44-օրյա պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտ նետվեցին կեղծ և իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ հայտարարություններ՝ նաև պաշտոնական աղբյուրների կողմից։ Այսպես, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Պատերազմից հետո արդեն, ուսումնասիրելով Google Earth ծրագրում հասանելի դարձած թարմ արբանյակային լուսանկարները, Fip.am-ը պարզել էր, որ Գյանջայի օդանավակայանին որևէ հարված, որը տեսանելի հետևանքներ կթողներ, չի եղել և այն «հօդս չի ցնդել»։
2. Կորոնավիրուսի առաջացման պատճառը 5G ցանցերն են
Տարվա ընթացքում ամենատարածված ստերը կապված էին նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ: Վարակի տարածման առաջին իսկ օրերին սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել դավադրությունների տարատեսակ տեսություններ: Որոշ խմբեր հայտնում էին, որ կորոնավիրուսի առաջացման պատճառը 5-րդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն են: Սակայն 5G ցանցերը կապ չունեն նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, քանի որ համավարակն առկա է անգամ այն երկրներում, որտեղ 5G կապ չկա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հերքեց դրա հնարավորությունը։
5-րդ սերնդի տեխնոլոգիաների մասին ստերի գագաթնակետը եղավ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հրապարակումների շարքն այն մասին, թե Հայաստանում կարանտին է հայտարարվել, որպեսզի մարդիկ փակված լինեն տանը և կառավարությունը գաղտնի կարողանա Երևանի տարբեր թաղամասերում տեղադրել 5G աշտարակներ: Որոշ ժամանակ անց նա հայտնեց, որ Երևանում արդեն իսկ կան 5G աշտարակներ: Սակայն բջջային կապի երեք օպերատորները հերքեցին՝ փաստելով, որ 5G կայաններ Հայաստանում չկան։
3. Մենք երբեք չենք ձեռնարկել և չենք ձեռնարկելու ինչ-որ քայլեր ընդդեմ խաղաղ բնակչության․ Իլհամ Ալիև
Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ ելույթներ ունեցավ, որոնց ընթացքում աչքի ընկավ անհաշվելի քանակի ստերով:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենք երբեք չենք ձեռնարկել քայլեր ընդդեմ խաղաղ բնակչության։ «Չնայած այն բանի, որ նրանք գնդակոծում են մեր հին պատմական քաղաք Գյանջան, մենք չենք գնդակոծել ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի քաղաքները»,- նշել էր նա։
Սակայն պատերազմի առաջին իսկ պահից սկսած Ադրբեջանը թիրախավորել է Արցախի քաղաքներն ու խաղաղ բնակչությանը։ Հրետակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում, Շուշիում և այլ բնակավայրերում: Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է առնվազն 60 քաղաքացիական անձ, իսկ գերեվարվել՝ 21:
4. Նիկոլ Փաշինյանը Կանադայում առանձնատուն է ձեռք բերել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրում բիզնեսներ, առանձնատներ ձեռք բերելու մասին լուրեր տարածվեցին։ Դրանցից մեկում անգամ, որպես ապացույց, ներկայացվեց Փաշինյանի՝ Կանադայում ձեռք բերած առանձնատան լուսանկարը։ Սակայն ներկայացված առանձնատունը ոչ միայն չի պատկանում Փաշինյանին, այլև գտնվում է ԱՄՆ-ում և ոչ թե Կանադայում։
5. ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը զոհվել է
Հոկտեմբերի 14-ին՝ Արցախում սանձազերծված պատերազմի օրերին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանի զոհվելու մասին: Տեղեկությունը հերքեց ինքը՝ Սանամյանը՝ ռազմաճակատից հարցազրույց տալով «Զինուժ մեդիային»:
6. Այլ հիվանդություններից մահացածներին գրանցել են որպես կորոնավիրուսից մահացած
Ապրիլին սոցցանցերում և որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ինֆարկտից մահացած մարդու հարազատներին առաջարկել են 100 հազար դրամի դիմաց ստորագրել փաստաթուղթ, որով կարձանագրվի, որ անձը մահացել է կորոնավիրուսից։ Տեղեկությունը տարածել էր բժիշկ Նունե Ներսիսյանը, որը նաև նշել էր, թե Առողջապահության նախարարությունից հրահանգ կա՝ բոլոր ջերմողներին գրանցել որպես COVID19-ի վարակակիր։ Բժշկի պնդումներից և ոչ մեկն այդպես էլ որևէ կերպ չապացուցվեց:
7. «Սեռական առողջության այբբենարանը» դասավանդվում է տարրական դպրոցում
Սեպտեմբերին սոցցանցերում Աննա Պետրոսյան անունով օգտատերն աղմկահարույց նկարներ հրապարակեց «Սեռական առողջության այբբենարան» կոչվող գրքից՝ տպավորություն ստեղծելով, որ այն դասավանդվում է տարրական դասարաններում: Ժամեր անց գրառումը հարյուրավոր արձագանքներ ու տարածում ստացավ, ինչից հետո հարցին արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունը՝ հայտնելով, որ գրքույկը «դպրոցական ծրագրում ներառված չէ, ինչպես և ներառված չէ սեռական դաստիարակություն անունով որևէ առարկա»։ Ավելին՝ գրքույկը հրատարակվել է 1999 թվականին:
8. Թալեաթ փաշայի նամակը՝ ուղղված հայերին
Նոյեմբերի վերջին հայկական սոցցանցերում տարածվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի՝ հայերին ուղղված նամակը, որը սկսվում է հայտնի խոսքով՝ «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ` այն էլ թանգարանում»: Սակայն իրականում «նամակի» հեղինակը ներկայում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էր, որն այն գրել էր Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ՝ 2015 թվականին:
9. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայ է
Հունվարին Միխայիլ Միշուստինի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո հայկական և ռուսական աղբյուրները սկսեցին տարածել լուրեր նրա՝ հայ լինելու մասին: Իրականում ՌԴ նորանշանակ վարչապետի հայ լինելը հիմնավորված չէր։ Իսկ այդ վարկածը հեղինակել էին ռուս ազգայնականները դեռևս 2010 թվականին:
10. #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Արցախում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեկնարկից մինչև դրա փաստացի ավարտը՝ նոյեմբերի 10-ը, հայկական կողմը պաշտոնապես չէր ներկայացնում իրական իրավիճակը ռազմաճակատում կամ ներկայացնում էր այն թերի։ Ինչպես պարզվեց պատերազմից հետո, ադրբեջանական ուժերին ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց հաջողվել էր հաջողություններ գրանցել և շարժվել առաջ՝ գրավելով հայկական բնակավայրեր, սակայն պաշտոնական մարմինները երկար ժամանակ հերքում էին դա։ Դրա ամենավառ օրինակը Հադրութի գրավումն էր։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այն արդեն գրավված էր հոկտեմբերի 21-ի դրությամբ, սակայն ՊՆ-ի կողմից ներկայացվող ռազմական գործողությունները պատկերող քարտեզներում Հադրութը ներկայացվում էր որպես հայկական ուժերի վերահսկողություն տակ գտնվող տարածք: Անգամ մինչև նոյեմբերի 8-ը պաշտոնական քարոզչությունը խոսում էր ադրբեջանցիներին Շուշիի մոտ «գյոռբագյոռ» անելու մասին այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր անց հայտնի դարձավ քաղաքի գրավման մասին: «Հաղթելու ենք» նշանաբանի ներքո ընթացած պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց նախկինում վերահսկողության տակ ունեցած տարածքներ, այդ թվում՝ ԼՂԻՄ-ի մաս կազմած Հադրութի շրջանը, Շուշիի շրջանի զգալի հատվածը և այլ բնակավայրեր:
Սրանք 2020 թվականին ամենաշատը քննարկված և տարածված կեղծ լուրերն էին։
«Փաստերի ստուգման հարթակը» մաղթում է ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող 2021 թվականը զերծ լինի ապատեղեկատվությունից ու ֆեյք լուրերից և լինի խաղաղ։