Հայաստանի տեղեկատվական դաշտը 2019-ին նոր թափով ողողվեց կեղծ լուրերով, որոնք ակտիվորեն տարածվում էին սոցիալական ցանցերում ոչ միայն ֆեյք օգտատերերի և ցածրորակ լրատվական կայքերի միջոցով, այլև երբեմն մեծ լսարան ունեցող և հավաստի համարվող լրատվամիջոցներով։ Կեղծ լուրերի ակտիվ շրջանառությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ հայ հանրությունը դեռևս դժվարանում է տարբերակել ֆեյք նորությունն իրականից։
«Փաստերի ստուգման հարթակը», ամփոփելով տարին, առանձնացրել է Հայաստանի տեղեկատվական դաշտի 2019 թվականի ֆեյք լուրերի թոփ տասնյակը։
- Ի պատիվ Մխիթարյանի «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվում քոչարի են պարել
Եվրոպայի լիգայի գավաթի՝ Բաքվում մայիսին նախատեսված եզրափակիչը՝ անգլիական «Արսենալի» և «Չելսիի» միջև, սկանդալային էր դարձել դեռևս խաղից առաջ։ «Արսենալի» ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ մասնակցելու եզրափակչին, քանի որ վստահություն չկար, որ Ադրբեջանը պատշաճ կերպով կապահովի նրա անվտանգությունը։ Ֆուտբոլային հանդիպումից առաջ HayFan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից լուսանկար և գրառում տարածվեց, որ «Արսենալի» ռմբարկու Պիեռ Էմերիկ Օբամեյանգն ինստագրամյան իր էջի Stories-ում լուսանկար է զետեղել, որտեղ պատկերված են ինքն ու թիմակիցները՝ խաղադաշտի կենտրոնում «շուրջպար բռնած», ու Օբամեյանգը, իբր, գրել է. «Kochari in Baku for Mkhitaryan»:
Հայաստանյան մի շարք կայքեր շտապեցին տարածել ֆեյք լուրը՝ վերնագրելով այն «Ի պատիվ Մխիթարյանի «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվում «Քոչարի» են պարել»։ Սակայն պարզվեց, որ հենց Օբամեյանգի Ինստագրամի էջում այդ լուսանկարի հետ ոչ մի նման գրառում՝ քոչարի պարելու և Մխիթարյանի վերաբերյալ, չկա: Լուրը հետագայում կայքերի մի մասը շտկեց՝ նշելով, որ ցանկալին իրականության փոխարեն է ներկայացվել, և ֆուտբոլիստները, շրջանաձև կանգնած, ընդամենը մարզվում էին։ Ֆեյք լուրի հիման վրա մեմեր ստեղծվեցին։
- Փարիզում վառվում է Վերսալի պալատը
Ապրիլ ամսին հայկական լրատվամիջոցները, հետևելով ռուսաստանյան մեդիային, գրեցին, որ Փարիզում վառվում է Վերսալի պալատը: Լուրը մեծ արձագանք գտավ մեդիայում և սոցցանցերում։ Նման արձագանքը պայմանավորված էր նրանով, որ օրեր առաջ տեղի էր ունեցել Աստվածամոր տաճարի հրդեհը, և հիշողությունները դեռ թարմ էին։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ լուրը կեղծ է. այրվում էր ոչ թե ֆրանսիական արքայական Վերսալի պալատը, այլ դրանից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող մեքենաների վերանորոգման սրահը:
- «Իմ քայլը» Ֆեյսբուքում հարցում է անցկացնում՝ տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ
Հուլիս ամսին մի շարք կայքեր լուր տարածեցին, որ «Իմ քայլը» դաշինքը Ֆեյսբուքում Երևանի հանրային տրանսպորտի գնի թանկացման հետ կապված հարցում է անցկացնում: Քննադատությունների մեծ ալիք բարձրացավ. հարցման մեկնաբանություններում օգտատերերը հիշեցնում էին քաղաքապետ Հայկ Մարությանին, որ ինքն անձամբ է պայքարել տրանսպորտի գնի թանկացման դեմ: Սակայն պարզվեց, որ նշված էջը կապ չունի «Իմ քայլի» հետ, այն դաշինքի պաշտոնական էջը չէ։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը, անդրադառնալով տարածված հարցմանը, նշեց «Դեռ սեպտեմբեր ամսից անընդմեջ փորձել ենք էջի օգտատիրոջ հետ բանակցել, որպեսզի էջի անվանումը փոխի կամ գոնե ավելացնի, որ ոչ պաշտոնական ինֆորմացիա է տարածում, բայց Arman Hambardzumyan-ը (էջի ադմինը) ոչ մի տարբերակի չհամաձայնեց և շարունակում է պարբերաբար հանրության մեջ թյուր կարծիք ձևավորել»։
- Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան միասին են եղել ինքնաթիռում
Ապրիլին Վահագն Աղաբեկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրառում էր կատարել՝ պնդելով, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջին տիկիններ Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան «իրար կողք նստած են թռնում` 9.5 ժամ» Փարիզից Նյու Յորք:
Աղաբեկյանը նշել էր, որ իր փեսան նկարել է հանդիպումը, ինքն էլ հորդորել է փեսային իջնելուն պես հրապարակել նկարը: Մեկ այլ մեկնաբանությունում, սակայն, նա նշել էր, որ ինքնաթիռում ինտերնետ կա, մեկ ուրիշում էլ՝ որ անվտանգության աշխատակիցները փեսային կարգադրել են ջնջել նկարը: Լուրը հերքել էր Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը՝ նշելով, որ Հակոբյանը Փարիզով չի մեկնել ԱՄՆ:
- Կեղծ նամակ վարչապետից ՆԱՏՕ-ի ղեկավարությանը
Հուլիսին հայկական և ռուսական մեդիայում տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որում վարչապետը, իբր, պատրաստակամություն էր հայտնում ավելի սերտ կապեր հաստատել դաշինքի հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար խոչընդոտ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունը։ Փաշինյանը նամակում խոստանում էր մեկ տարվա ընթացքում «հայկական զորքերը դուրս բերել Արցախից»։ Կառավարությունից հայտարարեցին, որ նամակը կեղծ է, իսկ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կեղծ նամակի հեղինակներին, հավանաբար, պետք է փնտրել երկրից դուրս։
- «Հին նկարներ նոր պատերազմից»
Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժումից հետո Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք որևէ կապ չունեին թուրքական այդ օրերի գործողությունների հետ։ Ակտիվ տարածվում էր հատկապես մի լուսանկար, որը արվել էր 1975 թվականին` Մարոկկոյի հարավային շրջաններն իսպանական գաղութատիրությունից ազատելու առիթով կազմակերպված «Կանաչ մարշի» ժամանակ, սակայն ներկայացվում էր այդ օրերին Սիրիայում արված։
Փաստերի ստուգման հարթակը «Հին նկարներ նոր պատերազմից» հոդվածում տեղեկացրել էր, թե իրականում երբ էին արվել այդ օրերին շրջանառվող լուսանկարները։
- Երրորդ սեռի վարչություն կբացվի
«168 ժամ» թերթը, հիմնվելով անանուն փաստաթղթերի վրա, նյութ էր հրապարակել՝ պնդելով էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել և «գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն»։ Թերթը նաև պնդում էր, որ վարչությունը զբաղվելու է նույնասեռական մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։
Ինչպես նախարարությունը, այնպես էլ տարեվերջյան ասուլիսին նախարար Բաթոյանը հերքեց լուրը՝ այն անվանելով «բացարձակ սուտ»։
- Փաշինյանը բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով
Սեպտեմբերին շրջանառվեցին լուրեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրների պատճառով է ազատվել զինվորական ծառայությունից։ Որպես ապացույց՝ շրջանառվում էր Փաշինյանի առողջական վիճակի մասին փաստաթուղթ, որը, իբրև, 2001 թվականին Կրասնոդարի քաղաքային հոգեբուժարանը ուղարկել է նույն քաղաքի դատախազությանը։ Կառավարությունից հայտարարեցին, որ փաստաթուղթը կեղծ է ու առնչություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Որպես ապացույց՝ ուշադրություն էր հրավիրվում լուսանկարին․ «Կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը»։ Իսկ 1991 թվի համալսարանական ստուգման գրքույկը 2018-ին վարչապետն ինքն էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
- Դավիթ Տոնոյանն ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից, որոշումն արդեն իսկ ուղարկվել է նախագահին
Հոկտեմբերի 9-ին լրատվամիջոցներից մեկն անանուն տեղեկություն շրջանառեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և որոշում է կայացվել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունն արագ տարածվեց սոցիալական ցանցերում և այլ լրատվամիջոցներում։ Ըստ նյութի՝ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել էր նախագահ Արմեն Սարգսյանին: Լուրը հերքվեց մի քանի գերատեսչությունների կողմից։ Նաև նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հայտնեցին, որ նման որոշում այս պահին նախագահականում չկա։ Լրագրողների հետ զրույցում հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Դավիթ Տոնոյանի՝ աշխատանքից հեռացման մասին լուրերն անհեթեթ են։
- Հոկտեմբերին ազատության մեջ կհայտնվի Նաիրի Հունանյանը
Հունիսին տարածվեց տեղեկություն, թե «այս տարվա հոկտեմբերին ազատության մեջ կհայտնվի մարդասպան Նաիրի Հունանյանը»։ Լուրի միակ աղբյուրը «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի գրառումն էր, որում վերջինս պնդում էր, որ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով «ցմահ ազատազրկված մարդասպանները կկարողանան բաց ռեժիմի անցնեն, այսինքն դուրս գան բանտերից»: Անհիմն գրառումը միանգամից մի քանի լրատվականներ վերատպեցին, մինչդեռ սա օրենքի սխալ մեկնաբանում էր։ Բաց ռեժիմի անցնելը բոլորովին չէր նշանակում ազատ արձակվել։ Նոր օրենքը սահմանում էր, որ պատիժը կրելուց առնվազն 20 տարի անց դատապարտյալը կարող է անցնել բաց ուղղիչ հիմնարկ, ինչը ենթադրում է ավելի ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ ուղղիչ հիմնարկի տարածքում։
Սրանք 2019 թ. ամենաշատը քննարկված և տարածված ֆեյք լուրերն էին։
«Փաստերի ստուգման հարթակը» մաղթում է ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող 2020 թվականը զերծ լինի ապատեղեկատվությունից և ֆեյք լուրերից։
Նելլի Լազարյան