Փետրվարի 28-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում էր Տաջիկստանում, որոշ լրատվամիջոցներ սկսեցին ակտիվ շրջանառել «Պուտինը թույլատրել է 200 հազար տաջիկ միգրանտներին վերադառնալ Ռուսաստան» վերնագրով հոդվածը։
Այս տեղեկությունը մամուլում հայտնվել էր դեռևս փետրվարի 27-ի երեկոյան։ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Դուշանբեում բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ավելի քան 200 հազար տաջիկ միգրանտների կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան։ Նա իր խոսքում նաև նշում է «Դրանք միգրանտներն են, որոնք 200 հազարից ավելի են․ նրանք, որոնք ՌԴ-ն չեն լքել չկանխամտածված, իրենցից անկախ պատճառներով, չեն կատարել որևիցե վարչական իրավախախտում և ներգրավված չեն եղել ոչ մի անօրինական գործունեության մեջ»։
Սակայն Պուտինի այցից անմիջապես հետո այս նույն լրատվամիջոցները արդեն սկսում են հայտնել, որ աշխատավոր միգրանտների համաներումը կվերաբերի միայն 200 հազարի 35%-ին։
Ըստ աշխատանքային միգրացիայի փորձագետի, Պուտինի այցից անմիջապես հետո Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր չունեն Ռուսաստան մուտք գործելու իրավունք, սկսեցին ճամպրուկները կապել։ Սակայն ՌԴ փոխվարչապետի խոսքերը վերլուծելուց հետո միգրացիոն փորձագետը համոզված է, որ 200 հազար տաջիկ աշխատավոր միգրանտներից միայն 70 հազարը կարող են բավարարել Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ պահանջին։
Այսպիսով, հստակ կարող ենք ասել, որ Պուտինի այցի օրերին որոշ լրատվամիջոցներ միտումնավոր մարդկանց ապակողմնորոշող վերնագրերով էին հանդես գալիս։