168.am-ը մարտի 17-ին հրապարակել է ««Կառավարությունն ունակ չէ և կոմպետենտ չէ պահպանելու օրինականությունը». Հրայր Թովմասյան» վերնագրով նյութ, որը քիչ անց հեռացվել է կայքից։
Նյութի լուսանկարը, սակայն, սոցցանցերում արագ տարածվել է և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին քննադատելու առիթ է դարձել։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ հարցազրույցը Հրայր Թովմասյանի կողմից պետության զավթման կատարյալ դրսևորում է։
«Այս ինքնիրավչությունը արդեն իսկ բավարար է սույն անձին շատ արագ փաթաթելու ու ՍԴ-ից մեկուսացնելու համար՝ առանց սպասելու ապրիլ 5-յան հանրաքվեին։ Սա պետության զավթման կատարյալ դրսևորում է»,- մասնավորապես, գրել է Սաֆարյանը։
Հարցազրույցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է և քննադատությամբ է հանդես եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Fip.am-ի հետ զրույցում 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն իրենց հարցազրույց չի տվել, տեխնիկական վրիպակ է եղել և նյութն անմիջապես հեռացվել է։
«Տեխնիկական խնդիր է եղել, ադմինների պատասխանատվության հարցն էր, արտակարգ դրության պայմաններում, օնլայն աշխատելու հետևանքով լրագրողը Սահմանադրական դատարանում կայացած նիստի վերաբերյալ տեղեկության և իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ հարցազրույցը միաժամանակ պատրաստելու ընթացքում շփոթել է և հարցազրույցը վերագրել է Հրայր Թովմասյանին։ Մամուլ է, ի վերջո, պատահում են նման սխալներ»,-ասաց նա։
Ըստ Սեյրանյանի, Հրայր Թովմասյանի հետ հարցազրույց չեն ունեցել և շփոթմունքի համար իրենք ևս հայցել են ընթերցողների ներողամտությունը։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հաստատել է, որ 168.am-ն իր հետ է ունեցել վերոնշյալ հարցազրույցը։
Նշենք, որ թեև լրատվականը հեռացրել է հարցազրույցը կայքից, այն հասանելի է Google որոնողական համակարգի «քեշում»։
Նելլի Նազարյան