Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հարապարակվել էր, որ Հայաստանում ռուսական (102-րդ) ռազմաբազայի ավելի քան 500 զինվորականեր իրենց ընտանիքների անդամների հետ միասին մասնակցել են կամավոր արյան հանձնման միջոցառմանը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ամեն անձի հանձնած արյան միջին քանակությունը 400 միլիլիտր է: Վերջինս լաբորատոր ստուգումների ենթարկվելուց անմիջապես հետո պետք է փոխանցվի Հայաստանի բուժհաստատություններ:
Մենք փորձեցինք պարզել, թե արդյո՞ք հայկական բուժհաստատություները ստացել են այդ արյունը:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայաթյանը մեր հետ զրույցում հայտնեց, որ նման տեղեկություն չունի և առաջարկեց տեղեկանալ Երևանի արյունաբանական կենտրոնից, որում սակայն ռուսական արյան մասին ևս տեղյակ չէին:
Տեղեկություն հնարավոր եղավ ստանալ «Գյումրիի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ից, որտեղից էլ հայտնեցին, որ իրենք ռուսական ռազմաբազայից արյուն չեն ստացել, հավելելով, որ տարիներ առաջ այդպիսի համագործակցություն կար, սակայն վերջին տարիների ընթացքում այդպիսի միջոցառումներ չեն իրականացվել:
Նույն տեղեկատվությունը ստացանք նաև ի պատասխան մեր գրավոր հարցմանը, ուր նշվում է, որ «Գյումրիի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ-ում ՌԴ ռազմական կայանի զինծառայողների կողմից արյան որևէ քանակություն չի ստացել: