Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել էր 100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը։ Փաստերից մեկը վերաբերում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամներ) աճող մուտքերին։
«2019 թ․ հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով»,- հայտարարել էր վարչապետը։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ պարզելու, թե արդյո՞ք ներկայացված տվյալները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ։
Այսպես, հիմնադրամը դեռ օգոստոսի 2-ին հրապարակել էր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, համաձայն որի՝ 2019 թ․ հունիս ամսին հիմնադրամի մուտքերը կազմել էին ընդամենը 17 հազար դրամ։ Սակայն նշված տվյալները թերի էին։
Հոկտեմբերի 14-ին հրապարակվել է նոր հաշվետվությունը, որտեղ տվյալներն ամբողջական են։
Հիմնադրամի կայքում տեղադրված հաշվետվության համաձայն՝ 2018 թ․ առաջին կիսամյակում հիմնադրամին փոխանցված պարտադիր վճարները կազմել են ավելի քան 3,076,233,000 դրամ։ Արցախի Հանրապետության հարկ վճարողների կողմից հիմնադրամին է փոխանցվել ևս 232,533,000 դրամ։ Այսինքն, ընդհանուր առմամբ, հայկական երկու հանրապետությունների կողմից հիմնադրամին է փոխանցվել 3,308,766,000 դրամ։
2019 թ․ առաջին 6 ամիսներին հիմնադրամին է փոխանցվել 3,101,520,000 դրամ, իսկ Արցախից՝ ևս 224,475,000 դրամ։ Այսինքն, այս տարվա առաջին կիսամյակում հիմնադրամի մուտքերը պարտադիր վճարների մասով կազմել են 3,325,995,000 դրամ։
Փաստացի, այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիս), նախորդ տարվա համեմատ, հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներն ավել են եղել ընդամենը 17,226,000 դրամով կամ՝ 0,5 տոկոսով։
Թեև վարչապետի հայտարարությունը վերաբերում էր միայն պարտադիր վճարումներին, սակայն «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց նաև հիմնադրամին կատարված նվիրաբերությունները։ Նշենք, որ առաջին կիսամյակում եղել է ընդամենը 6,4 մլն դրամի նվիրաբերություն, ինչը գումարելով պարտադիր վճարներին՝ ևս չի ստացվում Փաշինյանի նշած թիվը։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և հիմնադրամի մուտքերն ավելացել են ոչ թե 347,8 մլն դրամով, այլ ընդամենը 17,2 մլն դրամով։
Վարչապետի ներկայացրած 100 փաստի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակի» նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։
Սևադա Ղազարյան