Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին-3-ը»։ Հնչեցված փաստերը վերաբերում էին երկրի գրեթե բոլոր ոլորտներին՝ տնտեսություն, պաշտպանություն, գիտություն, մշակույթ, գյուղատնտեսություն, սոցիալական պաշտպանվածություն, զբոսաշրջություն և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել վարչապետի կողմից հնչեցված փաստերը և պարզել՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ։ 100 փաստից որոշ կետեր կարիք ունեն լրացուցիչ ստուգման, որի համար հարցումներ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններ։
Նշենք, որ նյութում բացառապես ստուգվել է «100 փաստի» մեջ ներկայացված տեղեկատվության ճշմարտացիությունը։ Թե որքանո՞վ են այդ փաստերը կառավարության գործունեության ձեռքբերումը կամ ինչ «կարևոր փաստեր» է բաց թողել վարչապետը՝ Fip.am-ը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։
Ճիշտ պնդումները
Այսպես, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստից 66-ը ամբողջովին ճիշտ են։ Դրանց մեջ են մտնում ՀՆԱ-ի աճի մասին արված հայտարարությունը, կրթության, առողջապահության և սոցիալական աջակցությանն ուղղված բյուջետային հատկացումների աճի, ճանապարհաշինությանն ուղղված ծախսերի ու վերանորոգված ճանապարհների մասին պնդումները, սոցիալական տարբեր խմբերին (երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ, աղետի գոտու ընտանիքներ, մանկատան շրջանավարտներ, միայնակ կենսաթոշակառուներ և այլն) տրամադրվող օժանդակության մասին կառավարության որոշումների մասին հայտարարությունները։
Վարչապետի պնդումները՝ կապված արտաքին առևտրի (արտահանում, ներմուծում), երկրի միջազգային պահուստների, զբաղվածության մակարդակի աճի, գրանցված աշխատողների թվաքանակի աճի մասին, ևս ճիշտ են։ Իրականությանն են համապատասխանում նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության որոշումների ու իրականացված/իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, նվազագույն աշխատավարձի, ոլորտային աշխատողների (փրկարարներ, անտառապահներ, ուսուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ, մարզադպրոցների աշխատակիցներ և այլն) աշխատավարձերի բարձրացումների վերաբերյալ հնչեցված փաստերը։
Աղքատության և ծայրահեղ աղքատության՝ համապատասխանաբար 2,2 և 0,2 տոկոսային կետով նվազման մասին հայտարարությունը ևս ճիշտ է։
Խոսելով Հայաստանի միջազգային վարկանիշի մասին՝ վարչապետը նշել է մի քանի հեղինակավոր պարբերականների (Time, The Telegraph, Financial Times, Forbes, Booking.com և այլն) անդրադարձերի ու դրական հրապարակումների մասին, ինչպես նաև մի շարք գործակալությունների (Gallup, Legatum, Freedom House, Fitch և այլն) կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին։ Այս հայտարարությունները ևս ճիշտ են։
Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք ճիշտ են։
Մեծամասամբ ճիշտ պնդումները
Վարչապետի հրապարակած փաստերի մեջ կային այնպիսիք, որոնք մեծամասամբ ճիշտ են, սակայն դրանց համատեքստում որոշակի կարևոր տեղեկատվություն բացակայում է։
Մասնավորապես, խոսելով բյուջեի եկամուտների մասին՝ վարչապետը հայտարարել է․ «Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որից 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%» (Փաստ 1)։
Իրականում 2017 թ․ բյուջեի եկամուտները կազմել էին 1 տրլն 205 մլրդ դրամ, իսկ 2019 թ․ բյուջեի մուտքերը կազմել են մոտ 1 տրլն 464․3 մլրդ դրամ։ Եթե սրան գումարենք նաև այս տարվա ընթացքում տնտեսվարողներին վերադարձված 42․8 մլրդ դրամը, ապա կստացվի, որ 2019 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 1 տրլն 507․1 մլրդ դրամ, ինչը ավել է 2017 թ. արդյունքից մոտ 302 մլրդ դրամով կամ մոտ 25 տոկոսով։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև զբոսաշրջության աճի մասին (փաստ 18)։ Հրապարակված տվյալները վերաբերում էին տարվա առաջին ինն ամիսներին և ճիշտ էին թե՛ ընդհանուր զբոսաշրջության տեսանկյունից, թե՛ առանձին երկրներից ժամանած զբոսաշրջիկների մասով՝ բացառությամբ ԱՄՆ-ի։ Ըստ վարչապետի հայտարարության՝ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18,5 տոկոսով։ Իրականում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 առաջին ինն ամիսներին ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,1 տոկոսով։
Հետաքրքրական է վարչապետի նշած 88-րդ փաստը, ըստ որի՝ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն(FAO)) կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2019 թ․ հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 6 տոկոսով, սակայն «Հայաստանում 2019-ի դեկտեմբերին, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում»: Թեև տվյալները ճիշտ են, սակայն տարօրինակ է, թե ինչու է վարչապետը հոկտեմբերի տվյալները համեմատում դեկտեմբերի տվյալների հետ։
Անդրադառնալով ռազմական ոլորտի ծախսերի աճին (9)՝ վարչապետը խոսել է 2020 թ․ բյուջեով նախատեսված հատկացումների մասին և համեմատել այն 2018 և 2017 թվականների բյուջետային հատկացումների հետ։ Փաշինյանը ցույց է տվել այս ոլորտին հատկացվող գումարների աճ, սակայն չի համեմատել այս ցուցանիշը 2019 թվականի հատկացումների հետ, քանի որ նախորդ տարվա համեմատ՝ ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը նվազել են 2,3 միլիարդով։
Ինչ վերաբերում է ռազմական ոլորտի ձեռքբերումներին, ապա այստեղ ևս վարչապետի հայտարարությունները մեկը մյուսին հակասում էին։
Մասնավորապես, վերջինս մի կողմից հայտարարում է, որ ի թիվ այլ զինատեսակների՝ ձեռք են բերվել նաև ОСА-АК հակաօդային պաշտպանության համալիրներ, մյուս կողմից՝ «փակվել է 80-ականների զենքերի ամոթալի էջը»։ Սակայն նույն ОСА-АК զենիթահրթիռային համալիրների վերջին մոդիֆիկացիան՝ ОСА-АК 9К33М3-ը, արտադրվել է 1980-88 թվականներին։
Վարչապետն այս տարեսկզբին գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ նախորդ տարի Զինված ուժերում բոլոր պատճառներով զոհերի թիվը գրանցել է պատմական մինիմում, սակայն «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Եվ արդեն մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտարարության խմբագրված տարբերակը, ըստ որի՝ նախորդ տարի մարտական պայմաններում զոհված զինծառայողների թիվն է եղել ամենացածրը։
Ստորև ներկայացնում ենք այն փաստերը, որոնք մեծամասամբ ճիշտ են։
Սխալ պնդումներ
Վարչապետի ներկայացված «100 նոր փաստից» սխալ էր նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձերի բարձրացման մասին պնդումը ( փաստ 47):
Վարչապետը, խոսելով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին, հայտարարել էր, որ այս փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից միջինը 20 տոկոսով բարձրացել են մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձերը։
Հետաքրքիր է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքի ընդունման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրեց, որ այս որոշման շնորհիվ կբարձրանա մոտ 85 հազար մարդու աշխատավարձ, իսկ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրեց 187 հազար աշխատողի մասին։ Հետագայում կառավարության էջից այս գրառումը պարզապես ջնջվեց։
Իրականում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, օրենքի փոփոխության արդյունքում շուրջ 20 տոկոսով ավելացել են մոտ 121 հազար աշխատողի աշխատավարձերը։
Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստերից իրականությանը չէր համապատասխանում նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) մասին հայտարարությունը (փաստ 10)։
Ըստ վարչապետի՝ 2019 թ․ առաջին ինն ամիսներին ՕՈւՆ-ը կազմել է 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը։ Սակայն Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված վճարային հաշվեկշռի համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՕՈւՆ-ը կազմել է 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ստուգման փուլում գտնվողներ
Վարչապետի ներկայացրած 100 փաստից մի քանիսն այժմ ստուգման փուլում են, քանի որ բաց աղբյուրներում և փաստաթղթերում դրանք գտնել հնարավոր չէ։ Fip.am-ը համապատասխան մարմիններին ուղղված հարցումների և բաց տվյալների համադրման միջոցով կփորձի պարզել, թե որքանով են վարչապետի այդ հայտարարությունները համապատասխանում իրականությանը։
Ստորև ներկայացնում ենք 100 փաստի այն կետերը, որոնք այժմ հարցումների միջոցով ստուգվում են։
«Փաստեր», որոնք հնարավոր չէ ստուգել
Վարչապետի ներկայացրած փաստերից մի քանիսը կա՛մ հնարավոր չէ ստուգել, կա՛մ դրանք ապագայում կատարվելիք իրադարձություններ են։
Դրանցից է, օրինակ, կառավարության կողմից Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու մասին որոշումը, որը, վարչապետի խոսքով, կիրականացվի այս տարվա մարտին։
Մեկ այլ փաստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարություն, ըստ որի՝ կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները։
Վարչապետի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր տոնական օրերին գրանցված հավելյալ դրամաշրջանառությանը (փաստ 90)։ Ըստ վարչապետի՝ այդ ժամանակահատվածում ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն՝ ի հաշիվ նաև կառավարության կողմից Երևանին ամանորյա տոնակատարությունների համար տրամադրած 271 մլն դրամի։ Սակայն որևէ կերպ հնարավոր չէ չափել այս հայտարարությունը, քանի որ նախորդ տարվա համեմատ համադրելի չէ, ու հնարավոր չէ միանշանակ պնդել, որ այս ցուցանիշը կապված է ամանորյա միջոցառումների անցկացման հետ։
Վարչապետի մեկ այլ հայտարարություն ևս տարակարծության տեղիք է տալիս։ Ըստ վերջինիս՝ ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 23-ին հրավիրած հանրահավաքին, մինչդեռ ըստ Los Angeles Daily News կայքի՝ Փաշինյանի հրավիրած ցույցին մասնակցել է մոտ 10,000 մարդ։ Եվ քանի որ հանրահավաքի մասնակիցների թվաքանակի մասին չկա հստակ տեղեկատվության աղբյուր, սա ևս դիտարկել ենք որպես հայտարարություն, որը հնարավոր չէ ստուգել։
Ստորև ներկայացնում ենք «100 փաստի» այն կետերը, որոնք այս պահին հնարավոր չէ ստուգել
Ամփոփելով վարչապետի ներկայացրած «100 փաստ նոր Հայաստանի մասին 3-ը»՝ կարող ենք ասել, որ ներկայացված 100 փաստից 66-ը ճիշտ են, 7-ը մեծամասամբ ճիշտ, 2-ը՝ սխալ, 3-ը հնարավոր չէ ստուգել, 22-ը գտնվում են ստուգման փուլում։ Առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» հանդես կգա այս թեմայի շուրջ նոր հրապարակումներով։
Սևադա Ղազարյան