Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը եղել է հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարը։ «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հրապարակումներում անդրադարձել է բաց աղբյուրներում առկա՝ մատակարարված ռուսական զենքի ծավալների և տեսակների մասին տեղեկատվությանը։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․-ին ՌԴ-ն եղել է Հայաստանի սպառազինության ամենախոշոր մատակարարը․ նշված ժամանակահատվածում ՌԴ-ին է բաժին հասել Հայաստանի ռազմական գնումների 94%-ը։
Այս ժամանակահատվածում Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել, մասնավորապես, զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, բազմաթիվ հրթիռային կայաններ, տանկեր, որոնք բոլորն էլ, ըստ ինստիտուտի, կիրառվել են 2020 թվականի Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմում:
2011-2020 թվականներին Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գնումների մասնաբաժինները՝ ըստ մատակարար երկրների։ Աղբյուրը՝ SIPRI:
ՌԴ-ից զենքի մատակարարման պատկերը, սակայն, կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրագրող Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո․ ՌԴ-ից սպառազինության մատակարարումը գրեթե դադարել է։
SIPRI-ում առկա են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2022 թվականը ներառյալ, Ռուսաստանի կողմից ՀՀ-ին մատակարարված սպառազինության տվյալները․ ինստիտուտը դեռևս չի ամփոփել ընթացիկ 2023 թվականի տվյալները։
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ հետպատերազմական շրջանում ռուսական կողմը Հայաստանին մատակարարել է միայն 4 միավոր Մի-8 տեսակի ռազմական ուղղաթիռներ։
Ըստ բաց աղբյուրի՝ պատվերը եղել է 2020 թվականին և Հայաստան է հասել 2022 թվականին։
2021 թվականի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց ՌԴ-ից սպառազինության մատակարարման նոր գործարքի մասին․ Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանին զենքի մատակարարման մեկնարկը խորհրդանշող դաշույն նվիրեց հայաստանցի իր գործընկերոջը՝ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանին։
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»,- ասել էր Շոյգուն։
Ավելի ուշ պարզվելու էր, որ Կարապետյանին նվիրված դաշույնը դեռևս միակ ռուսական զենքն է, որը տրվել է հայկական կողմին զենքի երկկողմ գործարքի շրջանակում։
2022 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դաշնակից երկրների կողմից Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարման հարյուր միլիոնավոր դոլարների պարտավորությունները չեն կատարվում»։
2023-ի մայիսի 13-ին առաջին անգամ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում հստակեցրեց, թե խոսքը որ դաշնակից երկրի մասին է․ «Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրած սպառազինությունը, որի համար արդեն վճարել է»։
Իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս տարվա հոկտեմբերին նշեց, որ խոսքը $400 մլն արժողությամբ գործարքի մասին է։
Ինչու չի մատակարարվել սպառազինությունը
Ռուսական կողմը երկար ժամանակ չի արձագանքել հայկական կողմի վերոհիշյալ հայտարարություններին։ Միայն երեկ՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի գնած զենքը չի մատակարարվել «Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով»։
Հատկանշական է, որ ավելի վաղ հայաստանյան տեղեկատվական տիրույթում Զատուլինի այս խոստովանությանը հակասող տեղեկություն էր տարածվել, ըստ որի, զենքը չի մատակարարվել հայկական կողմի անգործության հետևանքով․ այս մասին պնդում էր արել «ժողովուրդ» օրաթերթը՝ «ՀՀ-ի և ՌԴ-ի իր հավաստի աղբյուրներին» հղում անելով։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Այն ստանալուն պես՝ կտեղադրենք FIP.am կայքում։
Այսպիսով, տասնամյակներ շարունակ Հայաստանի զենքի թիվ մեկ մատակարար Ռուսաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին է մատակարարել ընդամենը 4 ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև մեկ դաշույն է նվիրել ՀՀ պաշտպանության նախկին նախարարին։
Նանե Մանասյան