Երևանի 33-րդ թաղամասի (հայտնի պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անվամբ) բնակիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարական ամառանոցի մոտ (որտեղ բնակվում է Սերժ Սարգսյանը)։
Զրուցելով բնակիչների հետ՝ Սարգսյանը խոստացավ բարձրացված հարցին լուծում տալ։ Բնակիչներից մեկը, սակայն, ըստ երևույթին, չհավատաց նախագահին՝ հիշեցնելով նրան, որ արդեն մեկ անգամ խոստացել և չի կատարել խոստումը։ Ի պատասխան դրան՝ Սարգսյանը հայտարարեց. «Էդ լրագրողներին դու՞ք եք ձեր հետ բերել, ինչո՞ւ են մեզ խանգարում» (թեպետ լրագրողները լուռ կատարում էին իրենց աշխատանքը)։
Այսպիսով, 2007 թվականին 33-րդ թաղամասը (Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցների ներքին մասը) ճանաչվել էր «հանրային գերակա շահ»։ Այնտեղ City center development ըներությունը պետք է լայնածավալ նախագիծ իրականացներ։ 33-րդ թաղամասի 188 ընտանիքներից 82-ը լրիվ փոխհատուցում էր ստացել ՝ բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում (որոշ տվյալների համաձայն ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին), 21-ը՝ մասնակի փոխհատուցում, իսկ մնացած մասը փոխհատուցում չէր ստացել ու բնակվում էր վարձով:
Դեռևս 2013 թվականին այս ընտանիքերի հետ հանդիպել է ՀՀ Կառավարության նամակների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտնել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:
2015 թվականին էլ փողոցում մնացած ընտանիքներին Կառավարության շենքում հյուրընկալել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել կարճ ժամանակում լուծել հարցը։
Աբրահամյանի հետ հանդիպելուց մի քանի ամիս անց Սահմանադրական փոփոխությունների նախաշեմին ընտանիքների հետ հանդիպեց Սերժ Սարգսյանը, ով ևս խոստացավ կարճ ժամանակում լուծում տալ վերջիններիս խնդիրներին։
Թե որքա՞ն է Սերժ Սարգսյանի այս անգամ խնդրին լուծում տալու մասին խոստման արժեքը, պարզ կլինի առաջիկա օրերում:
Հիշեցնենք, որ գրեթե նույն խնդրի առջև են նաև Երևանի Կոնդի թաղամասի բնակիչները։ 2007 թվականին իրենց տները ևս ճանաչվել էին գերակա շահ, սակայն փոխհատուցում այդպես էլ չէր տրվել։