Tert.am կայքը սեպտեմբերի 27-ին գրել էր, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու 1 տարի չորս ամսվա ընթացքում «դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր»։
Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 10-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ 2019-ի սեպտեմբերի 18-ին Օսիպյանը ազատվեց ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն հոկտեմբերի 8-ին ազատվեց նաև այս պաշտոնից։
Tert.am-ի հոդվածում նշվում է, որ Օսիպյանն իր պաշտոնավարման ընթացքում երկու բնակարան և մեկ առանձնատուն է նվեր ստացել մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանից, որը հայտնի է որպես «Մոնարխի Արմեն»։
«Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից»,- գրել էր կայքը։
Բացի այդ, Tert.am-ի տեղեկություններով՝ Օսիպյանը Գինոսյանից բնակարան է նվեր ստացել նաև Երևանի Բյուզանդի փողոցում և մեկ հողատարածք Դավթաշենում, որի վրա «Գինոսյանն իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերիյ Օսիպյանի համար»։ Ըստ կայքի՝ Բյուզանդի փողոցի բնակարանը գտնվում է Գինոսյանին պատկանող բազմաբնակարան շենքում՝ Սարյանի փոստի դիմաց, և դեռ կառուցվում է։
Այս տեղեկությունները ճշտելու համար «Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրի կոմիտեից ձեռք բերեց Վալերիյ Ռազմիկի Օսիպյանի անունով գրանցված անշարժ գույքի մասին տեղեկություն։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ Վալերիյ Օսիպյանի անունով գրանցված է երկու բնակարան և մեկ հողակտոր։ Մեկ բնակարանը և հողամասը գտնվում են Նուբարաշենում, իսկ երկրորդ բնակարանը՝ Ծաղկաձորում։
Իսկ Վալերիյ Օսիպյանի կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի անունով որևէ անշարժ գույք գրանցված չէ։
Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո 2017-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր։ Դրանում նա հայտարարագրել էր մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, և մեկ հողամաս։ 2017 և 2018 թվականներին ներկայացված տարեկան հայտարարագրերում Օսիպյանը չէր հայտարարագրել անշարժ գույքի որևէ ձեռք բերում կամ օտարում։ Սակայն կադաստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Օսիպյանը հանդիսանում է նաև Ծաղկաձորում բնակարանի սեփականատեր, ինչը նշված չէ նրա հայտարարագրում։ Հնարավոր է, որ նախկին ոստիկանապետն այս բնակարանը ձեռք է բերել 2019 թվականին։ Նշենք, որ Օսիպյանը դեռևս չի ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը։
Փաստացի, առնվազն ըստ Կադաստրի տվյալների՝ Tert.am-ի կողմից Օսիպյանին վերագրվող անշարժ գույքը նրան կամ նրա կնոջը չի պատկանում։ Հատկանշական է, որ կայքը պնդել էր, որ Թումանյան փողոցում գտնվող «բնակարանը դարձել է Օսիպյանի սեփականությունը», մինչդեռ այդ դեպքում Կադաստրի փաստաթղթերում բնակարանը հաստատապես պետք է նշված լիներ։