DFRLab-ի հետաքննությունը հրապարակվել է medium.com պորտալում: Հետաքննության երկրորդ մասի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև, իսկ առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Համատեղ ուղիղ հեռարձակումներ
AntiFake.am-ի և «Ադեկվադի» էջերն ակնհայտորեն իրենց ջանքերն ուղղում են հակափաշինյանական նարատիվների և կեղծ կոնտենտի տարածմանը: Ապրիլի 1-ին «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակում է իրականացվել երկու խմբերի ակտիվ անդամների, այդ թվում` Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ, թե ինչպես են նրանք #SutNikol հեշթեգով գրառումներ նկարում Երևանի փողոցներում: Սամսոնյանը, «Ադեկվադի» Արթուր Դանիելյանը և BlogNews.am-ի Կոնստանտին Տեր-Նակալյանը այդ ժամանակ բերման են ենթարկվել ոստիկանություն՝ հանրային գույքը վնասելու համար, նույն օրը՝ ավելի ուշ, ազատ արձակվել:
Ազատ արձակվելուց հետո նրանք երեքով համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել՝ խոսելով #SutNikol շարժման մասին: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջով:
Ավելի ուշ փողոցներում #SutNikol գրառումներ տարածելու կրճատ տեսանյութը հրապարակվել է «Ադեկվադի» էջում: Այն ապրիլի 18-ի դրությամբ ունեցել է 35,000 դիտում (view), 854 արձագանք (reaction), 68 մեկնաբանություն և վերահրապարակվել է 226 անգամ:
Այս գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, որ երկու նախաձեռնությունները բացահայտորեն համագործակցում են. նրանք իրենց ներկայացում են որպես #SutNikol արշավի միասնական ճակատ:
Գարդասիլի դեմ արշավ՝ երկու էջերում
Համատեղ տեսանելիություն ապահովելուց բացի, էջերը գործակցում են նաև բովանդակության հարցում: Մասնավորապես, երկու էջերն էլ բնակչությանը կոչ են արել զերծ մնալ պապիլոմա վիրուսը կանխարգելող Գարդասիլ-IV-ի պատվաստումից:
Այսպես, AntiFake.am-ը գարդասիլի դեմ հոդված է հրապարակել իր կայքում («Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ» պատվաստանյութի մասին. նոր փաստեր»), որը տարածվել է կայքի ֆեյսբուքյան էջի միջոցով, իսկ «Ադեկվադի» էջում գարդասիլի դեմ տեսանյութը հրապարակվել է գովազդի տակ (sponsored): Մարտի 7-ին Facebook-ը հայտարարեց, որ պատրաստվում է նվազեցնել պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը՝ թույլ չտալով դրանք ներկայացնել գովազդի տակ:
«Ադեկվադ» և AntiFake.am էջերի համագործակցության մասին վկայող մի շարք բաց ապացույցները հարցեր են առաջացնում. եթե էջերի հեղինակները սերտորեն համագործակցում են #SutNikol արշավում և այլ նախաձեռնություններում, ինչո՞ւ են նրանք բաժանում իրենց լսարանը երկու մասի՝ վարելով երկու առանձին էջ:
Երկու էջերի ընդհանուր հրապարակումների վերլուծությունը որոշակի բացատրություն է տալիս դրան. 2019 թ. մարտի 17-ից ապրիլի 19-ը՝ 30 օրում, երկու էջերը կենտրոնացել են կոնտենտի տարբեր տեսակների վրա: Եթե AntiFake.am-ը բացառապես հրապարակել է լուսանկարներ և հղումներ, «Ադեկվադը» իրեն նվիրել է տեսանյութերի տարածմանը՝ հիմնականում ուղիղ հեռարձակումների տեսքով: Այս առումով, կարծես թե, էջերի միջև կատարվել է «աշխատանքի բաժանում»:
Համաժամանակյա գովազդային արշավներ
Երկու էջերն էլ գովազդային հրապարակումներ են ունենում, չնայած՝ տարբեր բովանդակությամբ: Բացի գարդասիլի պատվաստման դեմ գովազդից, «Ադեկվադի» էջում նշված ժամանակահատվածում կատարվել է ևս երկու գովազդային հրապարակում:
AntiFake.am-ը նույնպես երկու գովազդային հրապարակում է ունեցել:
Այն, որ երկու էջերում էլ ակտիվորեն գովազդվում է «Միացեք մեր էջին» գործողության կոչը, ցույց է տալիս, որ երկու էջերն էլ ավելի մեծ լսարան ներգրավելու խնդիր են դրել:
Համագործակցություն բաց կերպով
Առցանց տիրույթում ոչ հավաստի համակարգված գործողության տիպիկ օրինակ է, երբ դրա մեջ ներգրավվածներն ամեն ինչ անում են (թեև միշտ չէ, որ հաջողությամբ) իրենց համագործակցությունը թաքցնելու համար: «Ադեկվադի» և AntiFake.am-ի #SutNikol արշավը և նմանատիպ այլ նախաձեռնություններ բացառություն են այս կանոնից:
«Համակարգված կեղծ վարքի» մասին ֆեյսբուքյան նկարագրությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անհատները, էջերը կամ խմբերը «աշխատում են միասին՝ մոլորության մեջ գցելով մյուսներին իրենց անձի և գործունության հարցում»: Այնուամենայնիվ, նման գործունեության որոշ դերակատարներ չեն թաքցնում իրենց ինքնությունը և համագործակցությունն այլոց հետ: Հայաստանում գործող այս խմբերի վերաբերյալ DFRLab-ը հայտնաբերել է մեկ դեպք, երբ չի երևում AntiFake.am-ի գրանցողը: Նման տեսակի գործողությունները մոլորության մեջ են գցում հանրությանը: