DFRLab-ի հետաքննությունը հրապարակվել է medium.com պորտալում: Հետաքննության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։
Դերակատարներ
2018թ. մայիսին «թավշյա հեղափոխություն» անունը ստացած և ժողովրդավարությանն ուղղված ցույցերից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունն ուղեկցվեց կառավարության նկատմամբ վստահության վերականգնմամբ և երկրի քաղաքացիական հասարակության խիտ լանդշաֆտի ակտիվացմամբ: 2018թ. The Economist-ը Հայաստանն անվանեց «Տարվա երկիր»՝ նշելով, որ «փոթորկոտ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարված ժողովուրդն այժմ ժողովրդավարության և վերածնունդի հնարավորություն ունի»:
Բայց Թավշյա հեղափոխությունը մի կողմից ամրապնդեց Հայաստանի սոցիալ-քաղաքական կառուցվածքը, մյուս կողմից ակտիվացրեց քաղաքական փոփոխության հակառակորդներին: Վերջին ամիսներին այդպիսի որոշ հակառակորդներ ցանց են ստեղծել #SutNikol հեշթեգի տակ և սկսել են նուրբ առցանց գործողություն, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին՝ առցանց տիրույթում տարածելով կանխակալ և սխալ տեղեկատվություն:
Այս խմբերը կիրառում են հատուկ առցանց մանիպուլյացիայի տեխնիկա. հանրության մեջ հնարավորինս շատ հետևորդներ հավաքելու համար նրանք իրենց ներկայացնում են որպես ոչ կանխակալ, փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություն, մինչդեռ պարբերաբար կանխակալ և բևեռացված հայտարարություններ են ներարկում երկրի առցանց քաղաքական դիսկուրսում: Գործողությունը խորամանկ է և գնալով ուժգնանում է:
Վերլուծության հիմնական նպատակն է ոչ միայն տեղեկացնել հայ հանրությանը, այլև ուղեցույց տրամադրել հետագա հետազոտությունների համար: Մինչ առցանց ապատեղեկատվության դեմ պայքարն ուժեղանում է, ազդեցության արշավներն իրենց դիրքավորում են որպես «փաստերի ստուգմամբ» զբաղվող նախաձեռնություններ՝ կանխակալ օրակարգերը տարածելով որպես օբյեկտիվ ճշմարտություն: Այս ջանքերին դիմակայելու առաջին քայլը նրանց բացահայտելն է:
#SutNikol մոլորակը
Ապրիլի 15-ին #SutNikol հեշթեգն սկսեց ակտիվորեն պտտվել հայկական առցանց միջավայրում: Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական հարթակներում այս հեշթեգը հաճախ ուղեկցվում է հակափաշինյանական կոնտենտով, որում վարչապետը մեղադրվում է սուտ խոստումների, կեղծիքի և ապատեղեկատվության մեջ:
Հեշթեգի աղբյուրներն անմիջապես տեսանելի չէին: Twitter-ում Eurasia.net-ի լրագրող Ջոշուա Կուչերան հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք որևէ մեկն ուսումնասիրել է դրա արմատները: Ի պատասխան՝ օգտատերերից մեկը գրել էր, որ դրա արմատներում գտնվող 4 տղա «փոխկապակցված են նախկին վարչակարգի հետ»:
Սրանից բացի, որևէ այլ բաց աղբյուրների վրա արված հետաքննություն #SutNikol նախաձեռնության թվային ծագման մասին չկա: DFRLab-ը նպատակ ունի լրացնել այդ բացը:
DFRLab-ը, ըստ այդմ, նույնականացրել է 4 անհատ և ֆեյսբուքյան 4 էջ, որոնք գերազանցապես պատասխանատու են առցանց տիրույթում #SutNikol կոնտենտի ստեղծման և տարածման համար: Այդ անհատներից երեքը՝ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, փոխկապակցված են ֆեյսբուքյան երկու էջերի հետ, որոնք տարածում են #SutNikol բովանդակությամբ մեծ թվով հրապարակումներ: DFRLab-ը չի կարողացել բացահայտել ուղղակի փոխկապակցվածությունը չորրորդ անձի՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի և ֆեյսբուքյան երկու էջերի միջև, բայց Տեր-Նակալյանը ակտիվորեն տարածում է այդ երկու էջերի բովանդակությունն իր անձնական ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև իրեն պատկանող Blognews.am բլոգի ֆեյսբուքյան էջի միջոցով:
#SutNikol բովանդակությամբ գրառումների մեծ մասը ձևավորվում է երկու ֆեյսբուքյան էջերում՝ «Ադեկվադ» և AntiFake.am. երկու էջերն էլ ակտիվ ներկայություն ունեն Facebook-ում, բայց գրանցված չեն Twitter-ում, չնայած այդ հեշթեգով գրառումներ առանձին անհատների կողմից լինում են նաև Twitter-ում:
Ադեկվադ. հակափաշինյանական և հակաամերիկյան կոնտենտ
«Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում քիչ տեղեկություն կա դրա առաքելության և այն մասին, թե ով է այն վարում: Էջն իրեն դիրքավորում է որպես «Մշակութային կենտրոն», իսկ դրա «կենսագրություն» հատվածում նշված է. «ԱԴԵԿՎԱԴ՝ այն, ինչի մասին լռում է Ազատությունը»:
Չնայած էջի վարողները նշված չեն՝ էջի թափանցիկության բաժնում երևում է 4 «մենեջեր»՝ բոլորն էլ Հայաստանից: Այս բաժնում նաև երևում է, որ էջը բացվել է 2018թ. հունիսի 23-ին:
Մոտ մեկ տարվա ընթացքում էջը կարողացել է հավաքել 21 հազար հետևորդ, ինչը մեծ լսարան է՝ հաշվի առնելով, որ երկրի բնակչությունը կազմում է 2.93 միլիոն:
Էջի տարածած տեսանյութերում պարբերաբար երևում են երկու մարդ՝ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը: Վերջիններս նաև հարցազրույցներ են տալիս որպես «Ադեկվադի» ներկայացուցիչներ (հարցազրույցները՝ այստեղ, այստեղ, և այստեղ): Մալյանի ֆեյսբուքյան էջում երևում է, որ նրան է պատկանում նաև Malian PR Agency կոչվող PR գործակալությունը:
«Ադեկվադի» էջում մեծ թիվ են կազմում Դանիելյանի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա Փաշինյանի կառավարությանը մեղադրում է սուտ հայտարարությունների և գործողությունների մեջ: Այդ ամենը նա հագեցնում է առատ հակաամերիկյան հռետորաբանությամբ:
Տեսանյութերից մեկում Դանիելյանը Փաշինյանին մեղադրում է, որ նա «ֆեյքերի բանակ» է պահում՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին դրական լուսաբանում ապահովելու համար: Մյուս տեսանյութերում Դանիելյանը պարբերաբար «ֆաքթ-չեք է անում» (ստուգում է) Փաշինյանի բյուջեի վիճակագրությունը և մամուլի և էներգետիկ քաղաքականությունը, բայց դրա համար օգտագործում է ոչ ստույգ տեղեկատվություն, իրեն հաճո մեդիա աղբյուրներ և սադրիչ հռետորաբանություն: Օրինակ, տեսանյութերից մեկում Դանիելյանը քննադատում է ԱՄՆ-ին, որ վերջինս փորձում է «արտահանել» իր ազդեցությունը, մինչդեռ ինքը բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, ինչպիսիք են «ամերիկյան օլիգարխիան» և քաղաքական «դինաստիական հաջորդականությունը», ինչպես նաև սպանություններն ու զանգվածային ձերբակալությունները:
AntiFake.am-ը՝ կանխակալ օրակարգերի ստեղծող
Ի տարբերություն «Ադեկվադի», AntiFake.am-ն ունի ինչպես ֆեյսբուքյան էջ, այնպես էլ կայք: Ֆեյսբուքյան էջի գրառումների մեծ մասը վերահրապարակումներ են AntiFake.am կայքից, ինչից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքյան էջը ծառայում է որպես այդ հարթակի կոնտենտի տարածման գործիք:
Էջի մասին պատմող բաժնում կարդում ենք.
«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայումս գոյություն չունի փաստերի վերհանման, կեղծիքների, կեղծ օգտահաշիվների բացահայտման, քաղաքական պրոպագանդան անկողմնակալ լրատվությունից տարանջատման որևէ իրական հարթակ՝ «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ները ստեղծում են AntiFake.am կայքը որպես անկախ և անկողմնակալ զանգվածային լրատվության միջոց, որը զբաղվում է հանրային նշանակության կարևոր հարցերի վերաբերյալ փաստերի ստուգմամբ և տեղեկատվություն տրամադրելով»։
Այս ֆեյսբուքյան էջը վարում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես #SutNikol հեշթեգով կոնտենտի տարածողներից է:
AntiFake.am-ը, չնայած իրեն բնորոշում է որպես «անկախ և ոչ կանխակալ լրատվամիջոց», գերազանցապես կենտրոնացած է Փաշինյանին քննադատելու վրա: Էջն առաջարկում է նաև «Նիկոլ-Օ-Մետր» և «Ֆեյք լուրերի վիճակագրություն» բաժիններ՝ «հետևելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պահում է խոստումները», ընդ որում՝ այդ չափանիշներով Փաշինյանի ոչ մի հայտարարություն չի դասակարգվում որպես «ճիշտ»:
Ավելին, AntiFake.am-ը պնդում է, որ բացահայտում է «կեղծ լուրերը, պրոպագանդան և մանիպուլյացիան» «փաստերի վրա հիմնված հետաքննության» միջոցով: Մինչդեռ կայքի հոդվածների մեծ մասն իրենցից ներկայացնում են բևեռացված քաղաքական մեկնաբանություններ Փաշինյանի մասին, իբր նա իրեն է վերագրում նախկին իշխանությունների քաղաքականությունը, որ այցելել է «գոյություն չունեցող» գործարան, ինչպես նաև լիարժեք ապատեղեկատվություն գարդասիլի մասին:
AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջը բացվել է 2019թ. փետրվարի 28-ին, ունի մոտ 7000 հետևորդ:
Ռուսական կապը
DFRLab-ը բացահայտել է որոշ վկայություններ առ այն, որ AntiFake.am-ը լիարժեք տեղական գործողություն չէ: Whois հարթակից երևում է, որ կայքի IP-ն գրանցված է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:
Արտասահմանյան IP ունենալը հաճախ նշան է ոչ արժանահավատ գործողության, չնայած լիարժեք ապացույց չէ:
Ավելին, whois.net-ում կայքը գրանցողի տվյալները նշված չեն:
Սա նշանակում է, որ AntiFake.am-ի հեղինակները փորձում են թաքցնել իրենց ինքնությունը:
Ուժգնացող ոչ հավաստի գործողություն
«Ադեկվադի» և AntiFake.am-ի էջերը միասին ապրիլի 22-ի դրությամբ, համաձայն CrowdTangle-ի վիճակագրության, ունեն 723,242 դիտում, 28,442 հետևորդ (like), դրանց հետ «առնչվել է» (interaction) 48,624 օգտատեր:
Էջերի ծավալած գործողությունը կարելի է բնորոշել որպես ոչ իրական: «Ադեկվադի» և AntiFake.am էջերը վարողները թաքցնում են իրենց գործողության նպատակը՝ այն ներկայացնելով որպես ոչ կանխակալ և օբյեկտիվ ռեսուրսներ: DFRLab-ը նաև փաստեր ունի ենթադրելու, որ AntiFake.am կայքը փոխկապակցված է Ռուսաստանում գտնվող անհատների կամ միավորների հետ, ինչպես նաև՝ որ դոմեյնի սեփականատերերը փորձել են թաքցնել իրենց ինքնությունը:
Շարունակելի․․․