«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Լոսի Քիսոն պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով» վերնագրով նյութ է հրապարակել՝ գրելով, թե ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը վերջին օրերին Հայաստանում է գտնվում, «X զորամաս-թանգարանում» պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։
Հրապարակումն օգտատերերի շրջանում մեծ վրդովմունք և դժգոհություն էր առաջացրել։ Այն արտատպել էին 7or.am, zham.am, analitik.am, auroranews.am, politik.am, armday.am լրատվականները և մի շարք սունկ կայքեր։ Տեղեկությունն ակտիվորեն տարածվում էր նաև ֆեյսբուքյան էջերում և օգտատերերի շրջանում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակումը և պարզել, որ տեղեկությունը մանիպուլյատիվ է տարածվում։
Մեդալը պետական չէր
Թեև hraparak.am կայքի ամբողջական հոդվածում նշված էր, որ «Քրիստինե Հալաջյանը պարգևատրվել է «Հայոց ազգային բանակի» ռազմական միավորման կողմից», միևնույն է, բազմաթիվ ընթերցողների մոտ սխալ կարծիք էր ձևավորվել, որ մեդալը պետական է, իսկ պարգևատրումն իրականացվել է իշխանությունների կողմից։
Սակայն ուսումնասիրելով Քրիստինե Հալաջյանի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակված պարգևատրման տեսանյութը՝ FIP.am-ը պարզեց, որ Հալաջյանը չի պարգևատրվել պետական մեդալով։ Նրան մեդալը շնորհվել է հասարակական կազմակերպության կողմից։
Հրապարակված տեսանյութում ներկայացված է «X զորամաս-թանգարանում» տեղի ունեցած պարգևատրման արարողությունը, որի ժամանակ էլ Հալաջյանն անձամբ մի քանի անգամ հայտնում է, որ պարգևը ստացել է «Հայոց ազգային բանակի» կողմից, ինչպես նաև ցուցադրում մեդալը՝ այն, սակայն, սխալմամբ շքանշան անվանելով։
Տեսանյութից վերցված այս կադրից պարզ է դառնում, որ և՛ վկայականը, և՛ մեդալը որևէ աղերս չունեն պետական բարձր պարգև հանդիսացող «Տիգրան Մեծի» շքանշանի հետ։
Հարկ է նշել, որ «Տիգրան Մեծ մեդալ» պետական պարգև գոյություն չունի և բացակայում է օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության մեդալների ցանկում։ Համաձայն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ կա նմանանուն «Տիգրան Մեծի» շքանշանը։
Նույն օրենքի արդեն 10-րդ հոդվածում նշվում է, որ Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և հստակ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգևատրվել «Տիգրան Մեծի» շքանշանով։
Բացի այդ, համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` միայն վարչապետի առաջարկությամբ։ Պարգևատրման վերաբերյալ նախագահը հրապարակում է հրամանագիր։ Քրիստինե Հալաջյանին պարգևատրելու մասին նախագահի կայքում որևէ տեղեկություն չկա։
Իսկ ո՞վ էր պարգևատրել
Տեսանյութում ներկայացված վկայականից, ինչպես նաև պարգևը ստացած Հալաջյանի խոսքերից պարզ է դառնում, որ մեդալը նա ստացել է «Հայոց ազգային բանակ» կազմակերպության կողմից, որի կնիքն էլ հենց դրված է վկայականի վրա։
Ժամեր անց մամուլում տարածվեց տեղեկություն, որ «Հայոց ազգային բանակում» ՀԿ-ն հերքում է իր կողմից պարգևատրումը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հասարակական կազմակերպության անունից մեդալը հանձնած Գագիկ Մնացականյանը չի հանդիսանում կազմակերպության անդամ։
«Գագիկ Մնացականյանը վաղուց իմ տեղակալը չէ և ՀԱԲ անունից որևէ Քրիստինե ոչ մի շքանշան չի ստացել»,- Newspress.am-ի հետ զրույցում հայտնել էր ՀԿ-ի նախագահը։
Նկատենք, որ նույնանուն մեդալներով Հայաստանում պարգևատրում են նաև այլ բազմաթիվ ռազմա-մարզական միավորումներ և կազմակերպություններ, ինչն էլ հաճախ շփոթությունների տեղիք է տալիս։
Նշենք, որ ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ «Տիգրան Մեծի» պետական շքանշանով պարգևատրվել են Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ համացանցում տարածվող տեղեկությունն այն մասին, որ ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը պետական պարգև է ստացել, մանիպուլյատիվ է։
Հայկ Հովհաննիսյան