Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող ընդդիմության գործողություններին, նշել է, որ ոստիկանությունը որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառել փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիերի նկատմամբ։
«Ես ձեզ կխնդրեմ, որ դուք այս ընթացքում, մինչև ես կպատասխանեմ, բերեք որևէ օրինակ՝ որտեղ է բիրտ ուժ կիրառվել, և այն ոստիկանության, որը այսօրվա հրապարակում կանգնած ղեկավարների կողմից է ստեղծվել։ Իրենց ժամանակ արդյո՞ք բիրտ ուժ կիրառվել է, իրենց ժամանակ արդյո՞ք ջրցաններ օգտագործվել են, իրենց ժամանակ արդյո՞ք մահակներ օգտագործվել են, իրենց ժամանակ արդյո՞ք լուսաձայնային կամ այլ տիպի նռնակներ օգտագործվել են։ Եվ այսօր իրենց ընդդիմություն համարող քաղաքական գործիչները, ովքեր հրապարակում են, իրենք արդյո՞ք հիմա բարձրաձայնում են այդ մասին, որ հիմա ջրցաններ են օգտագործվում, հիմա մահակներ են օգտագործվում, լուսաձայնային նռնակներ են օգտագործվում կամ այլ միջոցներ, արդյո՞ք ոստիկանության կողմից օգտագործվում է։ Եվ եթե կա նման դեպք, ինչի՞ մենք կամ հասարակության որևէ անդամ դրանից տեղյակ չէ»,- ասում է Բաքոյանը։
Սրան ի պատասխան, հարցազրուցավարն ասում է․ «Դե նրանք լուսանկարներ են հրապարակում տելեգրամյան ալիքներով»։ Բաքոյանը հակադարձում է․ «Խնդրում եմ ինձ ասեք մի դեպք, որ նման բան տեղի է ունեցել։ Ոստիկանության պահանջը հետևյալն է․ երբ պահանջում են որևէ գործողություն, որևէ տեղում սահմանների մեջ պահել կամ խախտումներ են անում, օրենքն են շրջանցում, ոստիկաններն իրենց հրավիրում են ոստիկանություն։ Եվ եթե այս հրավերը անհամաչափ ուժ է համարվում, ապա շնորհավում եմ մեր գործող կառավարությանը, որովհետև մենք այստեղ որևէ միջամտություն, առաջինը, չենք ունենում և երկրորդը՝ մեր կառավարման ժամանակ ոստիկանության կողմից որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, որի մասին նաև վկայում են այն տեսանյութերը իրենց կողմից տարածվող, որ ցույց են տալիս, թե իբր․․․ տեսեք էստեղ գոյություն չունեցող բան են ցույց տալիս և ժողովրդին ուզում են համոզել, որ էստեղ բիրտ ուժ կա։ Որտե՞ղ եք տեսել էդ բիրտ ուժը»:
Հաջորդ հարցի ժամանակ էլ Բաքոյանը անդրադառնում է ոստիկանության գործողություններին՝ նշելով, որ դրանցում դատապարտելի որևէ գործողություն չկա․ «Ունենք ՀՀ քաղաքացիներ, այդ մարդիկ, այո, մտածում են, որ գուցե մեր քաղաքականությունն այլ կերպ պետք է լինի և դրա համար դուրս են եկել փողոց, և այդ քաղաքացիների նկատմամբ որևէ ճնշում, որևէ բռնություն չի գործադրվում, և եթե դուք նկատում եք մինչև հիմա էլ իրենք փողոցում են, հրապարակում են կամ հրապարակներում են և ոստիկանների կողմից իրենց նկատմամբ որևէ գործողություն չկա, որ պետք է դատապարտվի»։
Թեև Բաքոյանը պնդում է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, սակայն փաստերն այլ բան են ասում։
Ընդդիմության փողոցային անհնազանդության ակցիաների ընթացքի որոշ օրերին դրանց տեղում հետևել են նաև «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները։ Մայիսի 2-ին «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն արձանագրեց ոստիկանության գործողությունները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում։ Տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը մի քանի անգամ բռունցքով հարվածում բերման ենթարկվող ցուցարարի գլխին։
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց արագ արձագանքման խմբերի ուսումնասիրությունը, որում տեղ էր գտել նաև վերոնշյալ քաղաքացու նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի դրսևորումը․ «Մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։
Նույն հաղորդագրության մեկ այլ հատվածում էլ ՄԻՊ-ն արձանագրել է, որ «ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը»։
Բռնության դեպքեր եղել են նաև լրագրողների նկատմամբ։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետը ոտքով հարվածում օպերատորին։ Սա ևս տեղ է գտել պաշտպանի զեկույցում, սակայն ոչ թե լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերի հիման վրա, այլ հենց սեփական աշխատակիցների ականատես լինելու հիմքով։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։
ՄԻՊ տարբեր օրերի հաղորդագրություններում ևս արձանագրվում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, այսինքն՝ անհամաչափ ուժի կիրառումը եղել և արձանագրվել է ոչ միայն մայիսի 2-ին, այլև դրանից հետո ՄԻՊ տարբեր հաղորդագրություններում։
Այսպիսով՝ պատգամավոր Բաքոյանի այն պնդումը, թե իրենց քաղաքական ուժի կառավարման ժամանակ ոստիկանության կողմից որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, սխալ է։
Նարեկ Մարտիրոսյան