Մայիսի 9-ին Ազատության հրապարակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, ըստ news.am և past.am լրատվական կայքերի, բազմամարդ է եղել, իսկ ըստ civic.am կայքի՝ չի գերազանցել 4200-ը:
«30-40 հազար մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքին»,- գրել էր news.am լրատվական կայքը՝ հղում անելով բարձրաստիճան ոստիկաններից մեկի տեղեկություններին։
Կայքի հրապարկումը տարածել էին yerevan.today, politik.am, onnet.am, blogtime.am կայքերը։
Մայիսի 10-ին արդեն news.am-ը, հղում անելով past.am կայքին, ուղղել էր ինքն իրեն՝ գրելով, որ իրականում հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ։ Past.am-ի հիմնավորումն այս անգամ իրավապահ համակարգի իր աղբյուրների՝ ոստիկանության և ԱԱԾ հաշվարկներն էին։
Ի տարբերություն news.am-ի և past.am-ի գաղտնի աղբյուրների, civic.am կայքը, առանց որևէ հիմնավորման, գրել էր, որ 16:25-ի դրությամբ Քոչարյանի «հեռահավաքին» 3800-4200 մարդ է մասնակցել։ Այս թվերը տարածել էին armtimes.com, armdaily.am, mediaroom.am կայքերը։
16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ։
Ինչ վերաբերում է կայքերի կողմից ոստիկանությանը արվող հղումներին, ապա Fip.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից ասացին, որ որևէ հանրահավաքի մասնակիցների թիվ չեն հաշվել և չեն հրապարակել։
Ինչ տեսք կունենար Ազատության հրապարակը, եթե այնտեղ լիներ 40,000 մարդ
Այսպես, Ազատության հրապարակում 40,000 և ավել մարդ կարող է տեղավորվել միայն ամբողջ հրապարակի լեփ-լեցուն լինելու ժամանակ։
Ըստ Google Earth ծրագրի, հրապարակի մակերեսը մոտ 8400 քառակուսի մետր է։ Սա նշանակում է, որ հրապարակի ամեն քառակուսի մետրի վրա պետք է կանգնի 5 մարդ, որպեսզի այնտեղ տեղավորվի 40,000-անոց բազմություն։ Դա նույնն է, ինչ 20 քմ սենյակում 100 մարդ գտնվի։
Նույնն է ցույց տալիս նաև mapchecking.com կայքը։ Դրա միջոցով հնարավոր է հաշվել աշխարհի ցանկացած կետում հավաքված բազմության մոտավոր թիվը։ Այն հիմնված է Google Maps ծրագրի վրա և օգտագործվում է հանրահավաքների մասնակիցների մոտավոր թիվը ճշտելու նպատակով։
Ըստ այս կայքի, մեկ քառակուսի մետրի վրա հինգ մարդու կանգնելու դեպքում հրապարկում կտեղավորվի մոտ 41,700 հոգի։ Սակայն առկա տեսանյութերն ու լուսանկարները ապացուցում են, որ հրապարակն ամբողջությամբ լեփ-լեցուն չի եղել։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքի մասնակիցների՝ միմյանցից տասնյակ հազարներով տարբերվող թվերի հրապարակումները՝ թե՛ news.am և past.am և թե՛ իշխանամետ civic.am կայքերի կողմից որևէ հիմնավորում չունեն և սխալ են։
Նելլի Լազարյան