Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 17-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով դատավորի հարցին՝ իրեն ազատ արձակելու համար առաջարկվող գրավի չափի վերաբերյալ, հայտարարեց, որ կկարողանա վճարել այն, երբ իր հաշիվներն ապասառեցվեն։
«Ե՛վ իմ, և՛ իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են։ Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից, մեկից վերցնեմ։ Ես կյանքում պարտքեր չեմ արել, ես այդ տեսակը չեմ (տեսանյութ, 7։40-8։00),- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Սեպտեմբերի 20-ին երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրենց ընտանիքի անդամների հաշիվների սառեցմանը, փաստացի հերքեց իր հոր նախորդ հայտարարությունը։
«Չէ, բոլորինը չէ (խոսքը հաշիվների սառեցման մասին է- խմբ.)։ Ինձ թվում ա ինքը մի քիչ բան արեց։ Մերը եղել է։ Այս պահին եղբորինս ու իրանն է… (տեսանյութ 1։06-1։30)»,- նշեց կրտսեր Քոչարյանը։
Նշենք, որ համաձայն «Ընտանեկան օրենսգրքի» հոդված 2-ի՝ ընտանիքի անդամ է համարվում ամուսինը, ծնողը և զավակը (որդեգրող ու որդեգրված)։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի՝ բանկային հաշիվների սառեցման վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռոբերտ Քոչարյանն ունի երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Փաստացի, ըստ Լևոն Քոչարյանի, երեք զավակներից միայն մեկի հաշիվներն են սառեցված, և Քոչարյանի կնոջ հաշիվները նույնպես սառեցված չեն։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նրա խափանման միջոց կալանքը և դադարեցնել քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չէր առնվել:
Փաստաբանները, մատնանշելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:
Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք:
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: