Խորհրդարանական արտահերթ ընտրությունների qարոզարշավը ընթանում է ոչ միայն մարզերում, քաղաքների փողոցներում և բակերում, այլև սոցիալական ցանցերում։ Քաղաքական ուժերը, գիտակցելով, որ համացանցն այսօր ծանրակշիռ հարթակներից մեկն է, գրանցվում են ֆեյսբուքում, ուղիղ եթերներով ուղերձներ են հղում ընտրողներին, ինչպես նաև ակտիվորեն օգտվում են ֆեյսբուքի վճարովի գովազդի հնարավորությունից։
Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական հրապարակումները, որոնց գովազդման համար կուսակցությունները մեծ գումարներ են ծախսում։
Հանրապետական կուսակցության բացած նախընտրական «Եթե մտահոգ ես» էջը, օրինակ, գովազդում է թվով 16 հրապարակում, որից 9-ը Նիկոլ Փաշինյանի մասին «Նիկոլի ստերը» խորագրով տեսանյութերի շարքն է, մյուս 7-ը կուսակցության թեկնածուներին վերաբերող հրապարակումներն են։
Քաղաքացու որոշում կուսակցությունը ևս ակտիվ քարոզչություն է իրականացնում համացանցում։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գովազդում է թվով 12 հրապարակում, որոնք հիմնականում կուսակցության ծրագրային դրույթներն են կամ թեկնածուների հարցազրույցները։
Օրինաց երկիր կուսակցությունն իր նախընտրական քարոզչությունն իրականացնում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, որտեղ ներկայացված են կուսակցության անցած ճանապարհը և ծրագրային դրույթները։ ՕԵԿ-ը գողվազդում է թվով 16 հրապարակում։
Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս մասնակցում է ակտիվ վիրտուալ քարոզչությանը։ Վերջինս հիմնականում գովազդում է թիմի անդամների ելույթները։
«Իմ քայլը» դաշինքը գովազդում է մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի ելույթները, հեղափոխության օրերից դրվագներ, ինչպես նաև վերջին 7 ամսվա տնտեսական ցուցանիշները։ Գովազդվող հրապարակումների թիվը 12 է։
Ֆեյսբուքյան գովազդից ամենից շատ օգտվող քաղաքական ուժը «Մենք» դաշինքն է։ Վերջինս գովազդում է թվով 36 հրապարակում։ Դրանք վերաբերում են թեկնածուների հայտարարություններին, ինչպես նաև նրանց նախընտրական ծրագրին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը կատարվում է հիմնականում Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի միջոցով։ Այստեղ գովազդվում են Մարուքյանի հարցազրույցները։
Ռաֆայել Աֆրիկյան