Հայաստանի Ընտրական oրենսգիրքը սահմանում է նախընտրական քարոզչության մի շարք խաղի կանոններ: Դրանց թվին են պատկանում քարոզչապաստառներին վերաբերող կարգավորումները, որոնք վերջին օրերին զանգվածաբար ոտնահարվում են:
Օրենսգիրքը
Այսպիսով, օրենսգրքի 21-րդ հոդվածն ամրագրում է, որ բացի նախընտրական միջոցառումների անցկացման վայրերից, հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն, հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա, ինչպես նաև «ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում»:
Ավելին, օրենսգրքով նաև սահմանվում է, որ «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
Սահմանված է նաև, որ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել, որտեղ կուսակցությունները կարող են փակցնել իրենց պաստառը:
Ավելին, օրենսդրությամբ նաև արգելված է քարոզչապաստառները պոկել կամ վնասել: Ու անգամ 50-ից 100 հազար դրամի տուգանք է սահմանված պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելու, պատռելու կամ դրանց վրա գրառումներ կատարելու համար:
Խախտումները
Գործնականում, սակայն, այս կարգավորումները զանգվածաբար ոտնահարվում են: Մեր տեսախցիկը ֆիքսել է շուրջ հինգ տասնյակ դեպքեր, երբ պաստառները փակցված էին արգելված տեղերում (օրինակ՝ բազմաբնակարան շենքերի պատերին), իսկ օրենքով սահմանված առանձնացված տեղերում փակցված պաստառները վնասված էին կամ դրանց վրա փակցված էին այլ կուսակցությունների պաստառներ:
Օրենքը խախտողների թվում են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը և «Լույս» դաշինքը։