Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները չէին պատասխանում հնչող բազմաթիվ մեղադրանքներին՝ քառօրյային սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի վերաբերյալ, նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ նման «ապատեղեկատվությունը կամ կեղծիքները» շրջանառվում էին նեղ շրջանակներում:
«Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և այդ ուսումնասիրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին. մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ է»,- հայտարարեց Սարգսյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այդ շրջանում կառավարության կողմից պատվիրված հարցումները՝ հասկանալու, թե ինչպիսի՞նն էր հանրության կարծիքը Ապրիլյան պատերազմի և իշխանության՝ այդ օրերի գործողությունների մասին։
Կառավարությունը տարիներ շարունակ հանրության կարծիքը ճշտելու համար դիմում էր «Այ փի էս սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին (ներկայում՝ «Բրեվիս»), որն էլ պարբերաբար պետական բյուջեի միջոցներով հարցումներ էր իրականացնում։
«Այ փի էս սի»-ի՝ 2016 թվականի տարբեր ամիսներին իրականացրած հարցումներում կան Ապրիլյան պատերազմին վերաբերող մի քանի հարցեր: Դրանցից որևէ մեկում, սակայն, Քառօրյա պատերազմի ավարտը հաղթական համարելու վերաբերյալ ո՛չ հարց կա, ո՛չ էլ պատասխան։ Մինչդեռ մյուս հարցերն անուղղակիորեն հակասում են Սերժ Սարգսյանի պնդմանը:
Այսպես, 2016-ի հունիսին անցկացված հարցման համաձայն՝ բնակչության շուրջ 56 տոկոսը համաձայն էր, որ Քառօրյա պատերազմից հետո ժողովրդի մոտ խորացել է երկրի ապագայի հանդեպ հիասթափության զգացումը: Իսկ հոկտեմբերի հարցման արդյունքներով՝ բնակչության 65 տոկոսը պատասխանել էր, որ պատերազմից հետո իր շրջապատում ավելացել է իշխանություններից բողոքողների թիվը:
Բացի այդ, 2016-ի հոկտեմբերին արված հարցմամբ՝ ռազմական ոլորտում որպես կառավարության ձեռքբերում ապրիլյան հաղթանակը նշել է հարցվածների միայն 9․4 տոկոսը: Հունիսին ապրիլյան հաղթանակը որպես կառավարության ձեռքբերում հարցվածները չէին նշել:
2017 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 3․2 տոկոսն Ապրիլյան պատերազմը համարում էր կառավարության ամենաանարդյունավետ քայլը վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ պատերազմական և լարված իրավիճակը ռազմական ոլորտում կառավարության հիմնական բացթողում համարում էր 12 տոկոսը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի պնդումը, թե ըստ իրենց իրականացրած հարցումների հասարակության 80 տոկոսը համարում էր, որ պատերազմում Հայաստանը հաղթել է, կեղծ է և չի համապատասխանում տվյալ ժամանակահատվածում իրականացված հարցումների բովանդակությանը:
Անի Ավետիսյան