Այս հոդվածի հրապարակումից հետո հոդվածում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք նշված են * եւ ** նշաններով — խմբ.
Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում։
«2019-ի համեմատությամբ 2022-ին Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10․2 տոկոսով։ 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»,- հայտարարեց Ղազարյանը։
Սակայն ՆԳ նախարարի՝ նախորդ տարում Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետև փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։
Յուրաքանչյուր տարի Բյուրոն հրապարակում է նախորդ տարվա ամփոփ ցուցանիշները, որոնցում, ի թիվս այլ տվյալների, հրապարակվում են նաև ԱՊՊԱ համակարգում հատուցված և չհատուցված դիմումների քանակական և ծավալային տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցված թվից։ 2022-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ հատուցման դիմում։ Չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։
Այսինքն, Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ* պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։
*ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցված թվից։ 2022-ին հատուցվել է 73 697 պատահարի վերաբերյալ հատուցման դիմում։ Այսինքն, Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 17 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։
Սակայն ՆԳ նախարարի կողմից հնչեցված թվերը ոչ միայն հեռու են իրականությունից, այլ նաև երբեմն հակասում են իրար։
Ինչպես նշեցինք, նախարարը ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ։ Քիչ անց՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։
Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց․ «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել, — խմբ․), կամ 9․5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։
Ակնհայտ է, որ Ղազարյանի կողմից հնչեցված թվերը չեն կարող ճիշտ լինել, քանի որ, նախ, այս դեպքում վիրավորների թիվը ոչ թե նվազել է 2019-ի համեմատ, այլ աճել է, և բացի այդ՝ 6155-ը չի կարող 646-ով կամ 9․5 տոկոսով պակաս լինել 6008-ից։
Այսպիսով փաստենք, որ ՃՏՊ-ների թիվը նախորդ տարիների համեմատ թեև նվազել է, սակայն ՆԳՆ-ն (նախկինում՝ ոստիկանություն), ակնհայտորեն ոչ ճիշտ թվեր է ներկայացնում՝ նվազեցնելով ՃՏՊ-ների իրական թիվը մի քանի անգամ։ Իսկ Վահե Ղազարյանի հնչեցրած մի քանի այլ թվերում կան վրիպակներ և անճշտություններ։
** Հոդվածի հրապարակման հաջորդ օրը ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որով հայտնել է, որ նախարարության կողմից Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վարվող վիճակագրությունը վերաբերում է միայն այն վթարներին, որոնց հետևանքով կան զոհեր կամ վիրավորներ։ Դա է պատճառը, որ Ոստիկանության ու Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները միմյանց չեն համապատասխանում։ Ոստիկանության ամբողջական պարզաբանումը կարող եք կարդալ այստեղ։