Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 13-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանում քաղբանտարկյալների հարցին:
«Քաղբանտարկյալներ այսօր իհարկե կան, բայց այսօր ես չեմ ուզում այդ ուղղությամբ որևէ․․․»,- մասնավորապես, ասաց նախկին նախարարը` պատասխանելով լրագրողի հարցին:
Նման հայտարարությամբ Սեյրան Օհանյանը փաստացի հակադրվեց քաղբանտարկյալների վերաբերյալ նախկինում հայտնած իր դիրքորոշմանը:
Ըստ բազմաթիվ իրավապաշտպանների քաղբանտարկյալների թվին է դասվում ազատամարտիկ ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանը` Սեյրան Օհանյանի մարտական ընկերը: Վերջինս սակայն բազմիցս հայտարարել է, այդ թվում ԱԺ ամբիոնից, որ Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական չի համարում, ուստի Ավետիսյանը քաղբանտարկյալ չէ:
2013 թվականին Ավետիսյանը կազմակերպում էր բողոքի ակցիաներ` պահանջելով բարձրացնել ազատամարտիկների թոշակները, սակայն նրա նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, իբր խարդախություն կատարելու համար: Այն, որ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը իրականում բեմադրված էր և ոչ այլ ինչ էր քան քաղաքական հետապնդում հիմնավորվեց 2013 թվականի հոկտեմբերին ԱԺ կողմից համաներման մասին որոշում ընդունվելուց հետո: Մեղադրանքի սկզբնական տարբերակով Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ևս պետք է տարածվեր համաներումը, սակայն դրանից օրեր առաջ ազատամարտիկին առաջադրվեց մեկ այլ մեղադրանք ևս, համաձայն որի Ավետիսյանը չէր կարող օգտվել համաներումից: