Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է»:
2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Նոր Հայաստան շարժման կազմակերպած միջոցառման ժամանակ ոստիկանության և շարժման անդամների միջև տեղի ունեցած միջադեպից հետո քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը և շարժման մի քանի անդամներ ձերբակալվեցին: Ավելի ուշ Սաֆարյանը մեղադրվեց ոստիկանության ՊՊԾ 4-րդ հատուկ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մոտ մեկ տարի տևած դատական պրոցեսից հետո 2017 թվականի հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Սաֆարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման, որից արդեն մեկ տարին վերջինս անցկացրել էր ճաղերի հետևում:
«Human Rights Watch»-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հանձին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնի, Սաֆարյանի ձերբակալումից օրեր անց`հունվարի 8-ին, նամակով էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ կոչ անելով դատախազությանը քայլեր ձեռնարկել Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր դիմումի մեջ պարզ և հստակ շարադրել էր, որ իրենք մտահոգված են, որ Գևորգ Սաֆարյանը իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար է թիրախավորվել: Իսկ քաղբանտարկյալ, ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և «Ամնեսթի Ինթերնեշնլի» անվանում են այն մարդկանց, ովքեր ազատազրկվել են գործող իշխանություններին քննադատելու, ընդդիմանալու համար:
Ըստ ԵԽԽՎ սահմանման՝ քաղբանտարկյալներ են համարվում այն անձինք, ովքեր ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»: 2012 թ. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 1900 բանաձևով տվեց քաղաքական բանտարկյալների շատ ավելի կոշտ սահմանում, համաձայն որի անձնական ազատությունից զրկված անձը, պետք է դիտարկվի որպես քաղաքական բանտարկյալ՝ եթե կալանավորումը կատարվել է մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ, եթե խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես, հավաքների ազատության իրավունքը, եթե տվյալ անձը կալանավորվել է զուտ քաղաքական հայացքների համար առանց հանցանքի կապի և այլն:
Այլ կերպ ասած, ի հեճուկս Արմեն Սարգսյանի, միջազգային կազմակերպությունները Հայաստանում քաղբանտարկյալների անուններ տվել են: