Երևանի քաղաքապետարանը ամեն տարվա սկզբում ներկայացնում է բավականին հավակնոտ և գեղեցիկ զարգացման ծրագիր։ Տարեվերջին էլ պատշաճ կերպով հրապարակում է կատարված աշխատանքի հաշվետվությունը։
2016 թվականի հաշվետվությունը անգամ հպանցիկ նայելիս պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա ծրագիրը կատարված չէ կամ կատարված է թերի։ Միայն մի քանի օրինակ։
Գունազարդված կամարանցումներ և ֆասադներ
Նախորդ տարվա ընթաքում քաղաքապետարանի բյուջեով նախատեսվել է վերանորոգել և գունազարդել մոտ 40 կամարանցում: Ծրագիրն իրականացվել է կիսով չափ՝ վերանորոգվել է 23 կամարանցում և գունազարդվել 26-ը։
«Ձևավորման ավանդական միջոցներին զուգահեռ կիրականացվեն մոտ 5 պանելային շենքի ֆասադների գունազարդման աշխատանքներ», — ասված է քաղաքապետարանի զարգացման ծրագրում։ Հաշվետվությունը դիտելիս, սակայն, պարզ է դառնում, որ ոչ մի շենք էլ չի գունազարդվել։ «Կատարվել են էսքիզային աշխատանքներ», — լակոնիկ ասված է հաշվետվության մեջ։
Հենապատերի և պատշգամբների վերանորոգում
2016 թվականի ընթացքում նախատեսված 25 հենապատերից քաղաքապետարանը նորոգել է միայն 10-ը, իսկ 200 պատշգամբներից՝ միայն 138-ը։
Ոչ հայեցի բառեր հասարակական տրանսպորտում
Հանդիպում են նաև զավեշտալի խոստումներ։ Երևանի քաղաքապետարանը 2016 թվականին նախատեսել է ստուգայցեր կատարել հասարակական տրանսպորտ, դրա ցուցահարթակների վրա «ոչ հայեցի բառերն ու տեղանունները բացառելու համար»։ Հրապարակված հաշվետվությամբ, սական, տեղեկանում ենք, որ ցուցահարթակների թարմացման և գրառումների վերանայման աշխատանքներ չեն իրականացվել։
Տարիներով չիրագործած են մնում մի շարք այլ ծրագրեր։ Աղբի վերամշակման գործարան, Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան և այլն։
«Օդում կախված» է մնում նաև Արգավանդ – Շիրակ փողոցները կապող նոր ավտոճանապարհը, Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումների բարեկարգման խոստումները, ինչպես նաև Կոնդի և մի շարք այլ թաղամասերի բնակիչների խնդիրները։
Եվ չնայած չկատարված կամ թերի կատարված բազմաթիվ ծրագրերին՝ քաղաքապետարանը, անտեսելով հանրային դժգոհությունը, շարունակում է ճոխ գնումներ կատարել։