Նոյեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի լրագրողներն «Ավելի բարեկարգ Երևան» թողարկման շրջանակներում անդրադարձել են Երևանի վերգետնյա և ստորգետնյա անցումներին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը` պատասխանելով անցումների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հարցին, նշել է. «Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը խիստ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պիտի խորապես համոզված լինենք, որ քաղաքապետարանը ամեն հնարավորինը կանի, եթե ֆինանսական հնարավորությունները ներեն: Բոլոր գետնանցումները, ինչպես նկատել եք, հարմարեցված են, ինչ վերաբերում է վերնանցումներին՝ կան խնդիրներ»։
39-ից համարյա մեկը
Սակայն իրականում քաղաքապետարանի աշխատակիցը ստել է. Երևանում հաշմանդամների համար մատչելի ստորգետնյա անցումներ չկան։ Մի քանիսն ունեն թեքուղիներ, որոնք վտանգավոր են կիրառման համար։ Այդ թեքուղիներն, ի դեպ, ըստ քաղաքապետարանի՝ նախատեսված են բեռնասայլակների ու մանկասայլակների համար (և ոչ հաշմանդամություն ունեցողների)։
Երևանի 39 ստորգետնյա անցումներից վերամբարձ սարքավորումով կահավորված է ընդամենը մեկը։ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը միակն է, սակայն այս անցումը «մատչելի» է միակողմանի։ Մյուս մայթեր դուրս գալու համար սարքավորումներ չկան, ուստի տվյալ դեպքում ստորգետնյա անցումի հիմնական ֆունկցիան բացակայում է։ Բացի այդ, եղածից օգտվելու համար պետք է սպասել առնվազն 30 րոպե, քանի որ այն կոճակի միջոցով վերև կանչել և առանց բանալու գործարկել հնարավոր չէ։
15-ից մեկը
«Եվ բերեք ուղղակի լավատեսորեն ավարտեմ խոսքս, համոզված լինեմ, որ առաջին փորձը կդառնա նաև սկիզբ մնացած վերնանցումների դեպքում, հնարավորության դեպքում, կառուցելու այս ամեն ինչը», — նշել էր Հովհաննես Ահարոնյանը հարցազրույցում։
«Առաջին փորձ» ասելով պաշտոնյան նկատի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված Արտաշատի խճուղու վերգետնյա անցումը։ 2012-2016 թվականներին մայրաքաղաքում կառուցվել է 15 վերգետնյա անցում։ Իսկ մատչելիության շինարարական նորմերի մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանը գործում է 2007 թվականից։ Այսինքն՝ մյուս բոլոր անցումները կառուցվել են նորմերի անկհայտ խախտմամբ։
Հ1-ը նկատեց, բայց չխոսեց
Այստեղ ոչ պակաս հետաքրքիր է նաև այն, որ քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքից անմիջապես հետո «հանրայինը» ցուցադրում է առանց թեքուղու ստորգետնյա անցում՝ դրանով իսկ արդեն արձանագրելով, որ բոլոր գենտնանցումների մասին Հովհաննես Ահարոնյանի խոսքերը հեռու են իրականությունից:
Սակայն, Հ1-ում որոշում են այդքանով բավարարվել և անգամ մեկ խոսք չասել դառը իրականության մասին: Այդպիսով, փաստացի, հարկատուների հաշվին աշխատող Հ1-ը լռությամբ հաստատեց Ահարոնյանի սուտ խոսքերը և գիտակցաբար նպաստեց այդ ստի տարածմանը: