Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանը երկու ադրբեջանցի զինծառայող է հատել։ Նրանցից մեկին, որը հայտնվել էր Սիսիանի Բնունիս գյուղում, բռնել էին նույն օրը բնակիչները։
Ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել ու ձերբակալվել է ապրիլի 13-ին Կապանում։
Նախորդ օրը՝ ապրիլի 12-ին, մամուլը գրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության մասին՝ կասկած հայտնելով, որ դեպքի հեղինակը ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողն է։
Ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, սակայն, ի պատասխան մամուլի այդ հրապարակումների, գրեց, թե այդ պահի դրությամբ «հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել»։ Ադրբեջանցի զինծառայողի մասնակցության վարկածի մասին որևէ հիշատակում չկար նաև կոմիտեի՝ ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ։
Իսկ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ իր տեղեկություններով, ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում սպանված տղամարդու հեռախոսը։
Ինչ էր ասում վարչապետը ՀՀ մտած ադրբեջանցիների մասին
Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ մտած ադրբեջանցի զինծառայողների մասին հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։
Ի պատասխան, Փաշինյանը, հղում անելով քննչական գործողությունների արդյունքում ձեռքբերված տվյալների, պնդեց, թե ադրբեջանցի զինվորները «փախուստի են դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով»։
«Ամենևին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե տվյալ մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել»,- հայտնաբերված առաջին զինծառայողի մասին ասել էր վարչապետը։
Անդրադառնալով այդ պահին դեռ որոնվող երկրորդ զինծառայողին՝ Փաշինյանը, դարձյալ «իր ունեցած տվյալներին» հղում անելով, պնդեց, թե վերջինս «սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, թե փոշմանել է, ուզում ա վերադառնա»։
Հատկանշական է, որ Նախիջևանի կողմից ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը, որը ըստ Փաշինյանի հայտնած տվյալների, մտափոխվել է սահմանամերձ գյուղում՝ դեռ դեպի թիկունք չխորացած, հայտնաբերվել է արևելյան սահմանամերձ Կապան համայնքում։
«Փոշմանած» ադրբեջանցի զինծառայողի տեսաուղերձը հայի արյուն թափելու մասին
Ապրիլի 13-ին՝ երկրորդ ադրբեջանցուն հայտնաբերելուց ու նույնականացնելուց հետո, համացանցում տարածվեց նրա՝ հայտնաբերվելուց առաջ արված տեսագրությունը․ դրանում նա ասում է, որ «հայի արյուն են թափել, հայի գլխատել»։
«Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,- ասել է ադրբեջանցի զինծառայողը։
Այսպիսով, ի հեճուկս Փաշինյանի՝ ԱԺ-ում բարձրաձայնած վարկածի, թե ծառայակիցների «ճնշումներից ու նվաստացումներից փախուստի» դիմած ադրբեջանցի զինծառայողներից մեկը մտափոխվել էր ՀՀ տարածք մտնելիս՝ «հենց սահմանամերձ» գյուղում, վերջինս հայտնաբերվել է Նախիջևանի սահմանից տասնյակ կիլոմետրեր այն կողմ՝ Կապանում՝ հայի արյուն թափելու մասին տեսաուղերձ նկարահանելուց որոշ ժամանակ անց։
Նանե Մանասյան