Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես Ստեփանակերտում տիրող իրավիճակին, պնդել է, թե իրականում ոչ միայն շրջափակում, այլև հումանիտար որևէ ճգնաժամ չկա այնտեղ:
Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված, «էկոակտիվիստ» ներկայացող անձինք արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, կա սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների պակաս:
Կայքը, թեև ներկայանում է որպես փաստեր ստուգող լրատվամիջոց, աչքի է ընկնում փաստերի ստուգման սկզբունքներին ակնհայտորեն հակասող քարոզչական բովանդակությամբ։
Հրապարակման մեջ ադրբեջանցի հեղինակը նշել է, որ դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Ստեփանակերտում դատարկ խանութների, սննդի պակասի պատճառով մանկապարտեզների, նույնիսկ կենտրոնական շուկայի փակման մասին տեղեկությունները «հայկական քարոզչություն են», և նկարների միջոցով իբրև թե բացահայտել է Արցախում պարենային խնդրի կեղծ լինելը։
«Փաստերի ստուգման հարթակի» խնդրանքով Ստեփանակերտի բնակիչները տեսանյութեր են ուղարկել, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղում պարենային և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի մասին:
Նկարահանումները կատարվել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում գտնվող հանրախանութներում և վաճառքի կետերում հունվարի 18-ին ժամը 15:00-16:00-ի միջակայքում:
Մեր տրամադրության տակ հայտնված տեսանյութերից պարզ է դառնում, որ ԼՂ մայրաքաղաքում խանութների զգալի մասը փակ է, իսկ դեռևս բաց խանութներում մի շարք կարևոր ապրանքներ բացակայում են, ընդ որում՝ ոչ միայն սննդամթերք, այլև տնտեսական պարագաներ:
Բանջարեղենային խանութը փակ է: Խանութի դիմաց երևում են դատարկ արկղերը:
Հանրախանութներից մեկում կիսադատարկ են տնտեսական ապրանքների բաժինները: Մթերքի բաժիններում կա մսամթերք՝ քիչ քանակությամբ, հիմնականում թռչնամիս: Մակարոնեղենը և ձավարեղենը գրեթե բացակայում են:
Ազատամարտիկների և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում (Ստեփանակերտի կենտրոնական հատվածներից մեկը) գտնվող խանութները նկարահանման պահին փակ էին:
Հատկանշական է, որ հայկական կողմը շրջափակման հետևանքների մասին պաշտոնական հաղորդագրություններում խոսում է ոչ թե արդեն իսկ առկա սովի մասին, ինչպես պնդում է ադրբեջանական ռեսուրսը, այլ արձանագրում է դրա իրական վտանգը շրջափակման հետագա շարունակման դեպքում։
Հավելենք, որ սննդի պակասի պատճառով հունվարի 18-ից Լեռնային Ղարաբաղում գործում է բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների համակարգ: Կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:
Միջազգային հանրությունը նույնպես արձանագրել է հումանիտար հետևանքները
ԼՂ շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ գրել են ոչ միայն հայկական լրատվամիջոցները, այլև հեղինակավոր միջազգային պարբերականները, այդ թվում՝ CNN-ը, BBC-ն, Time-ը, Al Jazeera-ն, The Economist-ը և այլն:
Իրավիճակի մասին մտահոգություն են հայտնել նաև միջազգային կազմակերպությունները և առանձին պետություններ: Մասնավորապես, դեռ 2022 թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու և ստեղծված հումանիտար խնդիրների մասին են խոսել Ֆրանսիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք պնդել են ճանապարհի շարունակական փակ լինելու դեպքում հումանիտար ճգնաժամի վտանգի մասին:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես հունվարի 14-ին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումը «ստեղծում է հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումները նվազում են»:
Այսպիսով, ադրբեջանական կայքի պնդումը, թե «սովահար ստեփանակերտցիների» մասին տեղեկությունները հայկական քարոզչության արդյունք են, կեղծ է: Միջազգային կազմակերպություններ և մի շարք պետություններ, ինչպես նաև լրատվամիջոցներ հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի փակման հետևանքով կա հումանիտար ճգնաժամի վտանգ:
Լուսինե Ոսկանյան