«5-րդ ալիքի» եթերում hունվարի 15-ին Զինծառայողների ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող վիճակագրական տվյալների հաճախակի փոփոխության մասին հարցին, անդրադարձել է նաև նախորդ տարվա հոկտեմբերին Fip.am-ի «1000 դրամների հիմնադրամի մուտքերի աճի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը» հոդվածին։
«Նույն Դանիել Իոաննիսյանը մեր հիմնադրամի հետ կապված էս վերջում կայքում հրապարակեց, որ Փաշինյանը սուտ է գրել, որ իրականության մեջ հիմնադրամի մուտքերը ընդամենը 17 մլն դրամ է ավելացել՝ 650-ի փոխարեն… Դանիել Իոաննիսյանն իրավիճակին չի տիրապետում»,- հայտարարել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում, ներկայացնելով «100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը», հայտարարել էր, որ 2019 թ․ հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել էր Հիմնադրամի հաշվետվությունները և պարզել, որ 2018 թվականի առաջին վեց ամսում Հայաստանից և Արցախից հիմնադրամին փոխանցված պարտադիր վճարները կազմել են մոտ 3308 մլն դրամ, իսկ
2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 3325 մլն դրամ։
Եվ փաստացի, Հիմնադրամին կատարված պարտադիր վճարները 2019 թվականի առաջին 6 ամիսներին աճել էին ընդամենը 17 մլն դրամով։
Թեմայի վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը ևս հանդիսանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմել էր վարչապետին՝ խնդրելով պարզաբանել Հիմնադրամի մուտքերի իրական աճի և վարչապետի հայտարարած տվյալների նման տարբերությունը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հայտարարել էր, որ իրեն տրամադրած արդեն 9 ամիսների տվյալներով Հիմնադրամի մուտքերն աճել են 648,8 մլն դրամով, սակայն թյուրիմացություններից խուսափելու համար առաջարկել էր «նստել հասկանալ»։
Այսպիսով, ի պատասխան Մեսրոպ Մանուկյանի այս հայտարարության, հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Fip.am-ի հրապարակման համար հիմք է հանդիսացել Հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը հրապարակված է հենց Հիմնադրամի պաշտոնական կայքում։ Այսինքն, հիմնվելով բացառապես պաշտոնական աղբյուրների վրա, «Փաստերի ստուգման հարթակը» փաստել էր, որ 2019 թվականի առաջին 6 ամիսներին Հիմնադրամի մուտքերի աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ընդամենը 17 մլն դրամ։
Հարկ ենք համարում Մեսրոպ Մանուկյանին տեղեկացնել նաև, որ չնայած այն փաստին, որ «Փաստերի ստուգման հարթակը» «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ստորաբաժանում է, սակայն կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը որևէ կապ չունի հարթակի խմբագրական քաղաքականության հետ։ Fip.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ Իոաննիսյանը որևէ ազդեցություն չունի ո՛չ այս և ո՛չ էլ կայքում հրապարակվող այլ հոդվածների վրա։ Fip.am-ի խմբագրական քաղաքականության անկախությունը երաշխավորվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կանոնադրությամբ։
Սևադա Ղազարյան