Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ այն հերքում է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը:
«ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը (մարդուն առևանգելը) պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է.
- Իր կամքին հակառակ
- կամ նրա կամքը անտեսելով
- կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով»,- գրել է նա:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքերի ընթացքն ըստ հաղորդագրությունների ու տեսանյութերի՝ հասկանալու, թե արդյո՞ք փաստաբանի վկայակոչած տեսանյութը հերքում է առևանգման փաստը:
Ինչ է հայտնի դեպքի մասին
«Հայկական ժամանակը» մայիսի 17-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
Ըստ կայքի տեղեկությունների՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, որոնք ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել այդ մեքենայի հետևից ընթացող՝ նույն կազմակերպության անդամների մեքենան:
Ի պատասխան՝ հասարակական կազմակերպության անդամները հաղորդագրություն տարածեցին՝ հերքելով կայքի տեղեկությունները. «Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»։
Երեկոյան միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ ձերբակալվել է մեկ անձ և նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ Փաշինյանի հաղորդման՝ Վերաքննիչ դատարանի բակում մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,- նշված է հաղորդագրությունում:
Այնուհետև Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվել մեքենայից և հարված ստացել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից, որի մեջ, ըստ նրա, եղել են դատարանի մոտ կանգնած ծնողները:
Ինչ է երևում փաստաբանի տարածած տեսանյութում
Իրականում, փաստաբան Վահան Հովհաննիսյանի տարածած տեսանյութում չի երևում, թե ինչպես է Փաշինյանը նստում մեքենան, այսինքն՝ այն չի կարող հերքել կամ հաստատել, որ վարչապետի որդին ինքնակամ է համաձայնվել նստել:
Տեսանյութում երևում է միայն, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը գնում կանանց առաջարկած ուղղությամբ: Ավելին՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Աշոտ Փաշինյանը չի հերքել, որ ինքնակամ է նստել զոհված զինծառայողի մոր մեքենան. նա հաղորդում է ներկայացրել և քրեական վարույթ է նախաձեռնվել այն բանի համար, որ արդեն մեքենայում է պահանջել կանգնեցնել մեքենան, բայց վարորդը չի կատարել պահանջը:
FIP.am-ը չունի հավակնություն հաստատելու կամ հերքելու միջադեպի որևէ վարկած, այդ գործառույթը վերապահված է իրավապահ և դատական համակարգին։ Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է, որ տարածվող տեսանյութում ո՛չ հերքվում է հանցակազմի առկայությունը և ո՛չ էլ հաստատվում է դրա բացակայությունը։ Սրան զուգահեռ, քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Փաշինյանի՝ մեքենա ոչ ինքնակամ նստելու դեպքի առթիվ, այլ հետագայում Աշոտ Փաշինյանի պահանջով այն չկանգնեցնելու դեպքի առթիվ: Հետևաբար, փաստաբան Հովհաննիսյանի պնդումը սխալ է:
Լուսինե Ոսկանյան