Ամերիկյան օնլայն մշակույթում կա «Godwin’s law» («Գոդուինի օրենք») հասկացողությունը, ըստ որի, ինչքան երկար է տևում որևէ օնլայն քննարկում, այնքան հավանական է դառնում Ադոլֆ Հիտլերի հետ համեմատության կիրառումը մասնակիցների կողմից: Հիտլերը բռնապետության ու չարիքի խորհրդանիշ է արդեն մոտ 80 տարի։ Մարդկանց պատկերացման մեջ հենց նա է չարիքի մարմնավորումը։ Այդ «օրենքը» ինչ-որ առումով նաև կիրառելի է քաղաքականության մեջ: Ընդդիմախոսներին և հակառակորդներին Հիտլերի հետ համեմատելով` քաղաքական գործիչները փորձում են նրանց ներկայացնել որպես պոպուլիստ մեկին, ով պատրաստ է ամեն գնով իշխանության հասնել և պահել այն՝ ի վերջո չարիք դառնալով մարդկանց համար։
Այս տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո, իշխանությունից և քաղաքական լծակներից հիմնականում զրկված «Հանրապետական» կուսակցության որոշ անդամներ և որոշ լրատվականներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են համեմատել տարբեր բռնատիրական (ավտորիտար) առաջնորդերի հետ, այդ թվում` Հիտլերի: Ընդհանրապես Հիտլերի հետ համեմատությունները, որպես կանոն, լինում են անհիմն։ Այդպիսին են նաև Փաշինյանին ուղղված մեղադրանք-համեմատությունները նրա կամ այլ բռնապետների հետ։
Ստորև ներկայացնենք մի քանի այդպիսի օրինակ:
- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսին Փաշինյանի կառավարությանը անվանել էր «խունտա»:
- ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հոկտեմբերի 1-ին հայտարարել է. «Ո՞ւր ենք գնում, դեպի դիկտատուրա՞, թե՝ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք: […] Ժողովուրդը ծափահարել է նաև Հիտլերին, իսկ Ստալինն ունեցել է միանձնյա իշխանություն»:
- «Իրավունք» թերթն էլ, որի խմբագրական խորհրդի նախագահ է ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, իր օրվա ֆոտոռեպորտաժում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի նկարները համեմատում է Հիտլերի հանրահավաքների նկարների հետ` դրանք Mein Kampf-ի պես ժողովրդական կուռքի օրինակ ներկայացնելով:
- «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ և աջակցել նրան քաղաքականություն վերադառնալու գործում, խոսելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, հայտարարել է. «Հիտլերի ժամանակ էլ էր ժողովուրդը օվացիա անում և կոդն էլ պատահական չէ. իմ պայքարը (խմբ․՝ Mein Kampf), այստեղ իմ քայլը»։
- Հենց ինքը Քոչարյանը ևս նմանատիպ համեմատություններ է արել։ Խոսելով Փաշինյան մասին, նա պնդում է որ «Հայաստանում ծնվում է բռնապետ»։ Նա հատկապես շեշտը դնում է Փաշինյանի «պոպուլիզմի» վրա, որով նա նման է Հուգո Չավեսին` ով, ըստ նրա, Վենեսուելան հասցրեց տնտեսական ճգնաժամի:
Որպեսզի հասկանանք, թե ինչու են անհիմն այսպիսի հայտարարությունները, սկսենք բռնապետության սահմանումից։ Բռնատիրական կամ ավտորիտար պետության պարագայում ընդդիմությունը, ըստ էության, ձևական բնույթ է կրում, սահմանափակված են հիմնարար ազատությունները, ազատ և արդար ընտրություններ տեղի չեն ունենում:
«Նոր Հայաստանի» պարագայում այս պնդումները հիմնավոր չեն: Փաշինյանի վարկանիշը իրոք բարձր է, դրա մասին են վկայում տարբեր հարցումները և Երևանի ավագանու ընտրությունը, որում «Իմ քայլը» դաշինքը հավաքեց 81 տոկոս: Սակայն, բարձր ժողովրդականություն ունենալն ինքնըստինքյան չի հանգեցնում բռնապետության: Ընդհակառակը, բռնապետները, որպես կանոն, լինում են անժողովրդական և իշխում են ժամանակ առ ժամանակ ֆիզիկական ուժ գործադրելով:
Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «խունտա» ձևակերպմանը, հարկ է նշել, որ «խունտա» (իսպ․` Junta) բառը, նշանակում է զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով:
Փաշինյանի իշխանության բռնապետական չլինելու մասին են վկայում նաև սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները: Վերջին տասնամյակներում առաջին անգամ ընտրությունների արդյունքները ընդունվեցին բոլոր մասնակիցների կողմից: Ավելին, ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին շնորհավորեցին «Հանրապետական» կուսակցությունը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, քաղաքապետի այլ թեկնածուներ` Արարատ Զուրաբյանը և Մհեր Շահգելդյանը։
Հովհաննես Նազարեթյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։