Մայիսի 5-ին «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց Աջափնյակ կայարանի մոտից հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կավարտի այդ կայարանի շինարարությունը:
Կայարանը, որի շինարարությունը կանգնել է Սովետական միության փլուզման հետ մեկտեղ, Փաշինյանը մտադիր է կառուցել մեկ այլ ծրագրի շինարարության կասեցմամբ (հետաձգմամբ): Խոսքը, մասնավորապես, Շիրակի փողոց-Արգավանդ ճանապարհի և կամուրջի մասին է, որն ըստ քաղաքապետի թեկնածուի՝ «այս փուլում նպատակահարմար չի»: Ընտրվելու դեպքում նա մտադիր է անմիջապես սկսել բանակցությունները Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի վարկատու կազմակերպությունների հետ:
Չքննարկելով Արգվանդ-Շիրակի փողոցի ու կամուրջի անհրաժեշտությունը և չվիճարկելով մետրոյի զարգացման անհրաժեշտությունը՝ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հնարավոր այդ փողոցի ու կամրջի գումարները ուղղել մետրոյի զարգացմանը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, որը Սև ծովն ու Պարսից ծոցը իրար կապող ավելի մեծ ծրագրի հատված է: Այն ունի եթե ոչ համաշխարհային, ապա առնվազն տարածաշրջանային նշանակություն և կառուցվում է մեծապես Ասիական Զարգացման բանկի վարկով (դրա առանձին հատվածներ ունեն նաև այլ ներդրողներ):
Հյուսիս-Հարավ ճանապարհը անցնելու է մայրաքաղաք Երևանով ու Գյումրիով և դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը հենց այս երկու քաղաքների շրջանցիկ ճանապարհների կառուցումն է, որպեսզի դրանով ընթացող տրասնպորտային միջոցները (հիմնականում բեռնատարները) չմտնեն Երևան ու Գյումրի:
Այդ իսկ պատճառով, Ասիական Զարգացման բանկը վարկ հատկացրեց նաև Երևանի տարանցիկ ճանապարհ կառուցելու համար, որի մի մասը հենց Շիրակի փողոց-Արգավանդ ճանապարհն է: Այսինքն, այդ ճանապարհի շինարարության վարկավորումը իրականացվում է Հյուսիս-Հարավ ծրագրի սահմաններում, իսկ մետրոյի կառուցումը որևէ կերպ այդ ճանապարհային միջացնքի մաս չէ:
Ավելին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը սկսել բանակցությունները վարկավորող կազմակերպության հետ, արձանագրենք, որ վարկային պայմանագիրը ստորագրված է Ասիական Զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև: Հետևապես, վարկատու կազմակերպության հետ կարող է բանակցել միմիայն Հայաստանի կառավարությունը:
Դժվար է ասել, թե ընտրվելու դեպքում կկարողանա արդյոք Նիկոլ Փաշինյանը գումարներ գտնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար: Բայց այն, որ դա չի կարող լինել Շիրակի փողոց-Արգավանդ ճանապարհի ու կամուրջի հաշվին փաստ է: