Բարձրաստիճան պաշտոնյաները հասարակության շրջանում իրենց հեղինակությունը բարձրացնելու կամ բարձր պահելու համար երբեմն դիմում են որոշակի խորամանկությունների, ինչպիսիք են եկամուտների մասնակի հայտարարագրումը, բիզնես միջավայրի հետ իրենց կապերը կամ կենսագրության որոշակի հատվածներ թաքցնելը կամ խեղաթյուրելը և այլն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս զերծ չի մնացել այս ամենից և իր կենսագրության մեջ թույլ է տվել փոքրիկ «վրիպակ»։ Խոսքը վերջինիս մարզական նվաճումների մասին է։
Ազգային ժողովի պաշտոնական կայքում զետեղված՝ Ծառուկյանի կենսագրության մեջ գրված է․ «1996 թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998 թ.՝ Եվրոպայի չեմպիոն»։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, ուսումնասիրելով 1991-99 թթ․ բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բոլոր առաջնությունների արդյունքները, պարզել է, որ Գագիկ Ծառուկյանը և՛ 1996, և՛ 1998 թվականներին բազկամարտի աշխարհի առաջնություններին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա վերջինիս անունը չկա և ոչ մի տարվա մրցանակակիրների ցուցակում։
Տարօրինակ է, սակայն, թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը կեղծել իր կենսագրության վերոնշյալ հատվածը։ Ի վերջո, 3-րդ հորիզոնականը ևս համարվում է բավականին հարգի արդյունք։