Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ Հայաստանի կենտրոնական բանկը և միջազգային մի շարք կազմակերպություններ փոխել են տնտեսության կառուցվածքի իրենց կանխատեսումները։ Սպասվող տնտեսական ճգնաժամը բերելու է ՀՆԱ-ի աճի կտրուկ անկման և նույնիսկ նվազման, գնաճի և այլ տնտեսական ցուցանիշների բացասական փոփոխությունների։
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ապրիլի 12-ին 168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի տնտեսության կառուցվածքում սպասվող փոփոխություններին, մի շարք ոչ միանշանակ պնդումներ է արել՝ նշելով, թե Կենտրոնական բանկ-կառավարություն համագործակցությունը խնդիրներ ունի։
«Օրինակ, 2020-ին պետական բյուջեով նախատեսված է 4.5 տոկոս գնաճ այն դեպքում, երբ ԿԲ-ի վերջին վերլուծության շրջանակում խոսվում է 1.9 տոկոս գնաճի մասին, ինչն ուղիղ հարվածի տակ է դնում կառավարության հարկաբյուջետային ցուցանիշները»,- հարցազրույցում հայտարարել է Պարսյանը։
Ըստ տնտեսագետի՝ դա իր հերթին ազդում է տնտեսական ցուցանիշների վրա. «Օրինակ՝ ԿԲ կանխատեսումներով ունենալու ենք ընդամենը 0.7 տոկոս տնտեսական աճ, երբ կառավարությունը պետական բյուջեի ծրագրով նախատեսել է 4.9 տոկոս, սա ևս ԿԲ-ին չի հետաքրքրում»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի պնդումներն ու Հայաստանի տնտեսության ցուցանիշների կանխատեսումների իրական պատկերը։
Տնտեսական աճի ցուցանիշների մասին
Պարսյանը, ըստ այդմ, դիմում է մանիպուլյացիայի՝ համեմատելով Կենտրոնական բանկի՝ ապրիլ ամսին հրապարակված զեկույցում առկա կանխատեսումները և պետական բյուջեով սահմանվածը։ Այլ կերպ ասած՝ դեռ նախորդ տարի ընդունված բյուջեի կանխատեսումներում որևէ կերպ հնարավոր չէր հաշվի առնել կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա, մինչդեռ ԿԲ վերջին զեկույցն ամբողջությամբ կազմված է՝ հաշվի առնելով վիրուսի պատճառած վնասները։
Այսպես, Կենտրոնական բանկի՝ այս տարվա մարտի 31-ին հաստատված «Գնաճի հաշվետվությամբ»՝ 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 0․7 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի 7․6 տոկոս աճի փոխարեն։ 2021-ին, ըստ Կենտրոնական բանկի, ՀՆԱ աճի ցուցանիշը կլինի 4․9 տոկոսի սահմաններում։
Ինչ են կանխատեսում միջազգային կազմակերպությունները
Վարակի ազդեցությունը հաշվի առնելով՝ միջազգային կազմակերպությունները ևս թարմացրել են երկրների տնտեսությունների վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Եվ եթե Համաշխարհային բանկը տարեսկզբին Հայաստանի համար կանխատեսում էր 5․1 տոկոս ՀՆԱ-ի աճ, ապա ապրիլի սկզբին արդեն կանխատեսումները նվազեցին՝ դառնալով 1․7 տոկոս։
Իսկ «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը ապրիլի 3-ին հայտարարեց, որ փոխում է Հայաստանի տնտեսության հեռանկարը՝ դրականից բացասական։ Ըստ կազմակերպության՝ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա այնպիսին կլինի, որ 2019-ի 7․6 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2020-ին կգրանցվի ընդամենը 0․5 տոկոս աճ։
2021-ի համար «Ֆիթչը» կանխատեսում է 5․5 տոկոս տնտեսական աճ։ Համեմատաբար ավելի դրական կանխատեսումներ ունի Ասիական զարգացման բանկը՝ 2․2 տոկոս աճ։ Իսկ 2021-ի համար Ասիական զարգացման բանկի կանխատեսումը 4․5 տոկոս է։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի համար Ասիական բանկը 2020-ին կանխատեսում է 0 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-ին՝ նույնքան, որքան Հայաստանի համար։
Այսպիսով, Սուրեն Պարսյանի այն պնդումները, թե Հայաստանի տնտեսական ցուցանիշների տարբերությունը պայմանավորված է ԿԲ-ի և կառավարության միջև առկա ինչ-որ խնդիրներով, մանիպուլյատիվ է։ Միաժամանակ, կառավարության անդամներն արդեն իսկ բազմիցս նշել են, որ երկրի տնտեսության աճի տեմպը նվազելու է։
Անի Ավետիսյան