«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով 2020-ին նախատեսվող 4.9 տոկոս տնտեսական աճին, համեմատականներ տարավ Վրաստանում հետհեղափոխական շրջանի տնտեսական ցուցանիշների հետ։
«Հեռու չգնալով՝ հարևան Վրաստանում 2003 թվականին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, տնտեսական աճը տվյալ տարում 11.1% էր, իսկ հետագա տարիների միջինը մինչև 2008 թ. ճգնաժամը՝ 9.7 տոկոս, և որքանո՞վ է այս բյուջեն հեղափոխական, և եթե չասեմ պահպանողական, դա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի»,- ասել է Թանդիլյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք Մանե Թանդիլյանի՝ Վրաստանի հետհեղափոխական շրջանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները համապատասխանում իրականությանը, թե ոչ։
Վրաստանի «վարդերի հեղափոխությունը»
Վրաստանում 2003-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո սկսվեցին բազմամարդ հանրահավաքներ, որոնց արդյունքում նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց և հեռացավ քաղաքականությունից։ Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան Միխայիլ Սահակաշվիլին և նրա առաջնորդած կուսակցությունը։ Հեղափոխությունից հետո Վրաստանում սկսվեցին լայնածավալ բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրում զգալիորեն նվազեց կոռուպցիայի մակարդակը։
Տնտեսական ցուցանիշները՝ հետհեղափոխական Վրաստանում
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2003-ին Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը եղել է 11.06 տոկոս։ Այս ցուցանիշը կարելի է տպավորիչ համարել, քանի որ այն կրկնակի ավել էր 2002-ին գրանցված 5.5 տոկոս աճից։ Իսկ 2004-2007 թթ. միջին տարեկան աճը կազմել է 9.35 տոկոս։ Այսինքն, Մանե Թանդիլյանը ճիշտ թվեր է ներկայացրել հետհեղափոխական Վրաստանում տնտեսական աճի վերաբերյալ։
Սակայն, ինչպես վերը նշեցինք, «վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003-ի նոյեմբերին, և չի կարելի պնդել, որ այդ տարվա 11.1 տոկոսանոց աճը քաղաքական փոփոխությունների արդյունք է։
Հատկանշական է, որ Հայաստանում նույն ժամանակահատվածում՝ 2004-2007թթ. գրանցվել է միջինը տարեկան 12.8% տնտեսական աճ։ Ընդհանրապես, 2000-ականների կեսերը համարվում է համաշխարհային տնտեսության աճի համար բարենպաստ ժամանակահատված և Վրաստանի բարձր տնտեսական աճը պայմանավորել «վարդերի հեղափոխությամբ», այդքան էլ ճիշտ չէ։
Թանդիլյանը հայտարարեց նաև, որ «նույն Վրաստանում դրանից (2003-ի հեղափոխությունից-խմբ.) հետո երկուսուկես անգամ մեծացավ ներդրումների ծավալը՝ հասնելով 1 մլրդ դոլարի»։
Այս պնդումը ևս հիմնականում համապատասխանում է իրականությանը։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ եթե 2003-ին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 335 մլն դոլար, ապա 2006-ին դրանք արդեն հասել էին 1.17 մլրդ դոլարի։ Սա 3.5 անգամ ավելացում է։ Իսկ եթե համեմատենք 2004-ի և 2006-ի թվերը, ապա կլինի 2.4 անգամ աճ։
Այսպիսով, Մանե Թանդիլյանի ներկայացրած թվերը մեծամասամբ համապատասխանում են իրականությանը։ Սակայն նրա պնդումը, որ Վրաստանը գրանցել է 11 տոկոս տնտեսական աճ հեղափոխության տարում՝ 2003-ին, խնդրահարույց է, քանի որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել նոյեմբերին, և չէին կարող էական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Այնուամենայնիվ, հեղափոխությանը հաջորդող չորս տարում Վրաստանի տնտեսությունը աճել է։