Նոյեմբերի 26-ին՝ «Սիվիլնեթին» տված հարցազրույցի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 10 տարվա ընթացքում մանկավարժների հաշվարկային աշխատավարձերը բարձրացել են երկու անգամ: «75 հազար եղել է 2007 թվականին, 2018-ին, ըստ ֆիննախի, հաշվարկային աշխատավարձը եղել է 150 հազար։ Երկու անգամ, ոչ թե տասը տոկոսով»։
Աշոտյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է: «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ուսուցիչների աշխատավարձի և նրանց «հաշվարկային աշխատավարձի» տարբերությունները:
Հաշվարկային աշխատավարձ հասկացությունը
Ուսուցիչների աշխատավարձերը սահմանվում են հատուկ դրույքաչափերով: Ուսուցչի շաբաթական առավելագույն զբաղվածությունը կամ՝ մեկ ամբողջ դրույքը կազմում է 22 դասաժամ: Եվ ինչպես հայտնի է, Հայաստանի հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը կատարվում է ըստ աշակերտների քանակի, իսկ ուսուցիչների աշխատավարձերը տարբեր են՝ կախված դպրոցից: Աշխատավարձերի չափի վրա ազդում են դպրոցների գտնվելու վայրերը (սահմանամերձ, բարձրլեռնային), ուսուցիչների աշխատանքային փորձը, վերապատրաստումներին մասնակցելու և այլ հանգամանքներ: Այսպես, ուսուցիչների աշխատավարձերը և դրանց համար հատկացվող գումարները տարբեր են հանրապետության բոլոր դպրոցներում:
Սակայն պետական բյուջեի ծախսերի կանխատեսման ժամանակ օգտագործվում է հարաբերական «հաշվարկային աշխատավարձ» հասկացությունը, որի միջոցով հաշվվում է ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը: Ստացված թիվը ներառում է վերը նշված բոլոր հանգամանքները, ուսուցիչների համար նախատեսված բոլոր հավելավճարները՝ դասղեկություն, տետրերի ստուգում, մեթոդ-միավորման նախագահություն և այլն: Սահմանված աշխատավարձը չի կարող բացարձակ լինել բոլոր դպրոցների ուսուցիչների համար, քանի որ դպրոցները չեն ֆինանսավորվում միևնույն կերպ:
Այսպես, հաշվարկային միջին աշխատավարձը ներառում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի համար հատկացված բոլոր գումարները, մինչդեռ բոլոր ուսուցիչները չէ, որ ստանում են լրիվ դրույքով աշխատավարձ, պարգևավճարներ և հավելավճարներ:
«Հաշվարկային աշխատավարձի» այլ շահարկումների մասին
Դեռ 2007-ին, երբ պետական բյուջեով ուսուցիչների հաշվարկային աշխատավարձը բարձրացել էր 27 տոկոսով՝ դառնալով 74 հազար դրամ, այս փաստը մամուլում և ուսուցիչների շրջանում տարընթերցումներ էր առաջացրել: Դրանից հետո նախարարությունը պարզաբանում տվեց, ըստ որի՝ հաշվարկային աշխատավարձի աճը չի ենթադրում հանրապետության բոլոր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:
2009-ին հաշվարկային աշխատավարձը դարձել էր 116 հազար դրամ: 2014-ին՝ 150 հազար դրամ: Այդ ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս խոսել էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումից՝ կրկին հղում տալով հաշվարկային աշխատավարձի աճին: Ուսուցիչների հաշվարկային աշխատավարձը, փաստորեն, 150 հազար դրամի սահմանը չի անցել 2014 թվականի բարձրացումից մինչև 2018 թվականը: Նշենք, որ Աշոտյանը ԿԳ նախարար եղել է 2009-2016 թվականներին:
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի համեմատությանը, թե այն ժամանակ աշխատավարձերը կրկնապատկվել են, ոչ թե ավելացել 10 տոկոսով, ապա նշենք, որ 10 տոկոսով բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը, որը վերաբերում է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներին:
Այսպիսով, Արմեն Աշոտյանի հայտարարությունը՝ ուսուցիչների աշխատավարձերի կրկնակի բարձրացման վերաբերյալ, մանիպուլյատիվ է: Աճել է ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը: Իսկ դա չի նշանակում, թե ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է:
Անի Ավետիսյան