Այսօր՝ փետրվարի 2-ին, Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գույքի և եկամուտների վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակած տվյալներին։
Հիշեցնենք, որ այդ հրապարակմամբ մենք, հիմնվելով Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի վրա, նշել էինք, որ Ազգային ժողովի նախագահի, այս օրերին՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի անունով Երևանի Աբովյան 62, 6 հասցեում գտնվող բնակարանը, հակառակ օրենքի պահանջի, երբեք չի հայտարարագրվել։ Այդ բնակարանը 2012-ին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նվիրաբերել էր Ալեն Սիմոնյանին և նրա մորը՝ վերջիններիս խնդրանքի համաձայն
Ըստ Կադաստրի կոմիտեի տարածած պարզաբանման, հիշյալ հասցեում Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ FIP.am-ին տրամադրված տվյալը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում» 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։
Ստորև՝ Կադաստրի կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ
Հիշեցնենք, որ FIP․am-ի հրապարակմանն ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրապարակավ խորհուրդ էր տվել ավելի ուշադիր լինել նման դեպքերում, և հավաստիացրել, որ «այնտեղ (հրապարակման մեջ-խմբ․) ակնհայտ զրպարտություն կա»։ Իսկ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի գնահատմամբ, Աբովյան 62, 6 հասցեում գտնվող բնակարանի վերաբերյալ «լուրերն այս պահին նորացնել, թարմացնել և տեղադրել որպես հրապարակում, մեղմ ասած, լրագրողական անփութություն է»։
«Փաստերի ստուգման հարթակի» աշխատանքին տրված նման հապճեպ գնահատականները, կարծում ենք, առանձին քննության կարիք ունեն։ Այդուհանդերձ, մենք դիմելու ենք Կադաստրի կոմիտե՝ խնդրո առարկա բնակարանի կադաստրային պատմության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու պահանջով։