Հայ հանրության շրջանում մշտապես ոչ միանշանակ են ընդունվել հանրային կարծիքի մասին հարցումների արդյունքները՝ հատկապես նախընտրական շրջանում։
Հարցականի տակ են դրվել, մասնավորապես, Gallup անվամբ հանդես եկող կազմակերպության հարցումները։ Gallup International Аssociation-ը, որի ներկայացուցիչ կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է հարցումներ, որևէ կապ չունի միջազգայնորեն ճանաչված Gallup Inc.-ի հետ։
Fip.am-ը որոշել է անդրադառնալ «Գելափ» անվանումով հայտնի երկու կազմակերպություններին, դրանց պատմությանը և դրանցից մեկի գործունեությանը Հայաստանում։
«Գելափների» ծագումը
Ներկայում գործում է Gallup անվանումը կրող երկու ընկերություն՝ Gallup Inc.-ը և Gallup International Аssociation-ը, և երկու ընկերությունների միջև Gallup անվան մտավոր սեփականության շուրջ իրավական պայքար կա: Միջազգայնորեն ճանաչվածը Gallup Inc.-ն է, որի կայքը www.gallup.com-ն է։
Gallup, Inc-ը հիմնադրել է ամերիկացի վիճակագիր Ջորջ Գելափը (George Gallup) 1935 թ․-ին՝ որպես Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտ (American Insitute of Public Opinion)։ Այն գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում և համարվում է այդ երկրի առաջատար սոցիոլոգիական հարցումներ իրականացնող ընկերություններից մեկը։ Գելափի մահից հետո ընկերությունը ձեռք բերվեց Selection Research Inc. կազմակերպության կողմից։
Հայաստանում հարցումների մշակմանն անուղղակիորեն մասնակցած Gallup International Association-ը («Գելափ միջազգային ասոցիացիա») հիմնադրվել է Շվեյցարիայում՝ 1947 թ.-ին նույն Ջորջ Գելափի օգնությամբ։ Նա դեմ չէր իր անունը տարբեր երկրներում հարցումներ իրականացնող ընկերությունների կողմից օգտագործելուն։ Սկզբում այդ ցանցի անդամ էին 11 ընկերություն, բայց դրանց թիվը 2008 թ.-ի դրությամբ արդեն 60 էր։ Ըստ Gallup International Аssociation-ի կայքի, ներկայում այն ունի 40 անդամ կազմակերպություն, այդ թվում՝ Ադրբեջանում, Աֆղանստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ավստրիայում և այլ երկրներում։
Gallup International Аssociation-ը չունի այն վստահելիությունը, ինչ Gallup Inc.-ը, և դա բացատրվում է նրանց իրականացրած որոշ հարցումներով։ Մասնավորապես, այդ հարցումներից մեկի համաձայն, որն իրականացվել է 2011 թ.-ի փետրվարին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար 90% քվե էր երաշխավորվում, երբ այդ մարդը 1990-ից ի վեր ինքնակալ ղեկավարել է երկիրը, և Ղազախստանը 2011 թ.-ին ժողովրդավարության ցուցանիշներով 167 երկրների շարքում 137-րդն էր։
«Գելափը»՝ Հայաստանում
Հայաստանում Gallup International Аssociation-ը գործակցում է MPG LLC (Marketing Professional Group)` «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետ` 2011 թ.-ից։ MPG-ն, իր հերթին, պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, և՛ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։
Երկու «Գելափների» պայքարն անվան համար
Վերը նշված երկու կազմակերպությունները տարբեր երկրներում պայքարել են «Գելափ» անվան համար։ Ըստ «Հարցումների հետազոտական մեթոդների հանրագիտարանի» (2008), որոշ երկրներում ամերիկյան Gallup Inc.-ը կարողացել է դատական կարգով հաստատել «Գելափ» անվան մենաշնորհը։ Սակայն շատ երկրներում Gallup International Аssociation-ի անդամ ընկերությունները գործածում են Gallup International կամ «Գելափի հարցում» անունները։
Պակիստանում, օրինակ, Gallup International Аssociation-ի գործընկեր կազմակերպությունը պարտավորված է նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup, Inc․-ի հետ։
Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ։