Հոկտեմբերի 26-ին մի քանի տասյակ քաղաքացիներ ցույց են իրականացրել Երևանի կենտրոնում, որի ընթացքում փակել էին Ֆրանսիայի հրապարակին հարող Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաները։ Նրանք նաև «Կեցցե՛ Հայաստան» կարգախոսի ներքո կարճ «ֆլեշմոբ» իրականացրեցին:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը «Ռեֆորմիստներ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու (համար 4) Լիլիթ Խաչատուրի Հովակիմյանն էր, որը Ֆեյսբուքում հանդես է գալիս Լիլիթ Խաչատուրովա անունով։ Այդ կուսակցությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապվում․ նրա առաջնորդ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Քոչարյանի աջակից է։
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Հովակիմյանը հայտարարեց, որ եղածը կառավարության դեմ բողոքի ակցիա չէ, այլ «ֆելշմոբ է պարզապես»։ Նա հավելեց․ «Մենք չենք ուզում հակահեղափոխություն, մենք ուզում ենք ․․․ որ երկրում լինեն բարեփոխումներ, որը նոր կառավարությունը խոսք է տվել, այլ ոչ թե մենակ կոռուպցիայի դեմ պայքարով, մենք չենք համարում, որ դա երկրի բարեփոխում է։ Երկիրը այսօր անկում է ապրում և տնտեսական աճ [աճի խնդիր — խմբ․] ունենք, և այսօր Արցախի խնդիր ունենք»։
Այս «ցույց-ֆլեշմոբի» վերաբերյալ ֆեյսբուքում շատ արագ շրջանառվեցին չատերի մի քանի սքրինշոթներ, որոնք, փաստորեն, արտահոսք են այդ չատերին մասնակից մարդկանց կողմից։
Այս սքրինշոթներից պարզ է դառնում, որ Արտո Մովսիսյանը (Арто) հավաքագրել է մարդկանց՝ ցույցերի մասնակցելու, մի քանի փողոց 10 րոպեով փակելու համար, ինչի ընթացքում նրանք նաև պետք է պնդեին, որ դեմ են հակահեղափոխությանը, սատարում են վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։
Մովսիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» (ՀԵԿ) անդամ է։ Այս երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ԲՀԿ ոչ-պաշտոնական երիտթևը, որի հարցերով, իր հերթին, զբաղվում է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը (որը ղեկավարում է բոլոր ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունները)։
Մյուս պայմանական կազմակերպիչներից է Օֆելիա Անտոնյանը (Oful), որը չատի մասնակիցներին խոստանում է 2000-ական դրամ՝ ամեն մի ցույցին մասնակցելու համար։ Մի այլ սքրինշոթում նա խոսում է 1000 դրամ վարձատրության մասին՝ կես ժամ ցույցի դիմաց։
Հատկանշական է, որ ցույցի որոշ մասնակիցների խաբել են ցույցի բովանդակության մասին՝ վստահեցնելով, թե իբր այն լինելու է ի աջակցություն գործող իշխանությունների։ Օրինակ, ցույցի մասնակիցներից Ալվարդ Բարիլուսյանը (նկարում՝ ցույցի ժամանակ, պաստառը ձեռքին) հայտարարել է, որ իրեն մի մտերիմ մարդ «խաբել ու հրավիրել է իբրև թե ֆլեշմոբի, որտեղ «կեցցե Հայաստանը» պլակատներով պետք է մեր գոհունակությունը ցույց տայինք պարոն Փաշինյանին»։
Երկու քաղաքական ուժերը, որոնք այս գործընթացում ներգրավված են՝ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը և ԲՀԿ-ն, այս կամ այն կերպ կապվում են նախկին նախագահ Քոչարյանի անվան հետ («Ռեֆորմիստները» փաստացի սատարում են նրան)։ Թե ինչ ուղիղ կապ կա այս «ցույց-ֆլեշմոբի» և երկրորդ նախագահի մեջ՝ անհայտ է։