Նոյեմբերի 11-ին Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանում աշխատող քաղքացիներից պարտադիր կերպով 1000-ական դրամ հավաքագրելու օրինագծը, ըստ որի, հավաքագրված գումարները պետք է գնան 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված ու վիրավորված զինվորականներին ու վերջիններիս ընտանիքներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկման ժամանակ, որպես նախագծի հիմնավորում, հայտարարեց. «Մենք փորձել ենք մշակել քաղաքականություն, որը պատասխանում է մեր ազգաբնակչության մղմանը այս խնդրի շուրջ»: Ապա, նախարարը լրացրել է. «Մենք տեսել ենք, թե ինչ է ուզում հասարակությունը, ստեղծել ենք դրա համար իրավական հիմք»:
Այլ կերպ ասած, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ բոլոր աշխատող քաղաքացիներից զոհված ու վիրավորված զինվորականների օգտին հավասար գումար հավաքելու հանրային պահանջ է եղել:
Սա, սակայն, բոլորովին չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, եթե դիտարկենք հանրային պահանջը, ապա որպես այդպիսին հանդիսանում է ոչ թե պարտադիր «հանգանակությունը», այլ առկա միջոցների ու հնարավորությունների օպտիմալ օգտագործում: Հանրային պահանջ, այսպիսով, հանդիսանում է նույն պաշտպանական կառույցներում կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման վերացումը:
Պատահական չէ, որ թե ապրիլյան պատերազմից և թե «հազար դրամի» թեմայի ի հայտ գալուց հետո եւ սոցիալական ցանցերում, եւ հասարակական քննարկումներում բարձրացվում է տարբեր գեներալների եւ այլ սպաների, բարձրաստիճան չինովնիկների, նախարարների ու նրանց տեղակալների հարստության ծագման հարցը: Համացանցն այս օրերին ողողված է ՊՆ համարանիշներով շքեղ մեքենաների նկարներով, որոնք ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել պետական միջոցների ռացիոնալ բաշխման քաղաքականության շրջանակներում: Իսկ բարձրաստիճան սպաների եւ պաշտոնյաների մասնավոր սեփականությունները միայն հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչպես է հնարավոր պետական զինվորական աշխատավարձերով նման կարողություններ կուտակել:
Նկատենք նաեւ, որ այս հարցն առանձնապես շոշափելի դարձավ ապրիլյան պատերազմից հետո, որը ի ցույց դրեց, թե ինչքանով են տուժում մեր Զինված ուժերը ապօրինի հարստացման երեւույթից: Հանրային պահանջը, որը ձեւավորվեց ապրիլյան պատերազմից հետո, ոչ թե աշխատող քաղաքացիներից լրացուցիչ գանձումներ կատարելն էր, այլ հենց պաշտպանական կառույցներում միջոցների օպտիմալ բաշխումը, կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման վերացումը:
Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն, փորձում է որպես հանրային պահանջ ներկայացնել հենց պարտադիր «հանգանակությունը»` բոլորովին հաշվի չառնելով իրականությունը: