Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին զուգահեռ պայքար է գնում նաև ինֆորմացիոն դաշտում։
Չնայած բացառապես պաշտոնական աղբյուրներին և վստահելի լրատվամիջոցներին հետևելու բազմաթիվ կոչերին՝ հայաստանյան մեդիա տիրույթում պարբերաբար շրջանառվում են որոշ կեղծ տեղեկություններ, որոնք երբեմն դրսևորվում են Արցախի և Արցախյան հակամարտության հետ կապ չունեցող լուսանկարների տարածմամբ։
Նման լուսանկարների տարածումը հատկապես ակտիվացավ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչությանը հասցրած հարվածներից հետո։
Վիրակապով ժպտացող տղան
Մասնավորապես, այդպիսի լուսանկարներից է վիրակապով ժպտացող երեխայի լուսանկարը, որը ակտիվորեն տարածվում է ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։
Իրականում, սակայն, այս լուսանկարը բավական հին է, արվել է 2007 թվականին Հայաստանում, և դրա մասին հիշատակվում է «Յունիսեֆ Հայաստանի» կայքում և ֆեյսբուքյան էջում։
Ծերունու նկարը
Բավական շատ է տարածվում նաև ծերունու լուսանկարը, որտեղ վերջինս, ի հեճուկս իր շուրջը կատարվող ավերածությունների, շարունակում է մնալ իր արդեն իսկ ավերված բնակարանում։
Ինչպես նախորդ լուսանկարի դեպքում, այս լուսանկարը ևս Արցախյան պատերազմի հետ կապ չունի, այն արվել է 2017 թվականին Սիրիայում։
Լուսանկարում պատկերված մարդը հնաոճ ավտոմեքենաների սիրահար Մուհամմեդ Անիսն է՝ հնդկական WION լրատվականի լրագրողի կողմից 2017-ին Սիրիայում նկարահանված ռեպորտաժի հերոսը։
Գյանջայի օդակայանը
Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի ռազմական օդակայանը «հօդս է ցնդել»։ Դրանից հետո տարատեսակ հարթակներով սկսեցին տարածվել իբր Գյանջայի օդակայանը «երեկ և այսօր» պատկերող լուսանկարները։
Եվ չնայած հրապարակումների մեծ մասը կրում էր հումորային բնույթ, սակայն իրականում լուսանկարներում պատկերվածներից և ոչ մեկը Գյանջայի օդանավակայանը չէ։ «Երեկվա» նկարում պատկերված է Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանի օդանավակայանը, և նույնիսկ շինության վրա է երևում LƏNKƏRAN գրվածքը։ Իսկ «այսօրվա» նկարում պատկերված է Ուկրաինայի Լուգանսկի օդանավակայանը, որը 2014-ին լուրջ վնասներ է կրել Դոնբասում ընթացող պատերազմի ժամանակ։ Այսինքն, ո՛չ «երեկվա», ո՛չ էլ «այսօրվա» նկարներում իրականում պատկերված չէ Գյանջայի օդակայանը։
Այս օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Արցախյան պատերազմի ֆոնին իրական լուսանկարների հետ մեկտեղ կեղծ լուսանկարների տարածումը կարող է միջազգային հանրության շրջանում իրական լուսանկարների հանդեպ անվստահության հիմք հանդիսանալ, ինչպես նաև պարարտ հող դառնալ ադրբեջանական քարոզչության համար՝ ցույց տալու, թե Արցախում խաղաղ բնակչության հրետակոծությունն ու դրա հետևանքները ապացուցող լուսանկարները կեղծ են։
Սևադա Ղազարյան