Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Լոռու մարզում կառուցվող և վերանորոգվող մի շարք դպրոցներ և մարզադահլիճներ: Պարզվեց, որ այդ դպրոցներում, չնայած նրան, որ շինարարական աշխատանքները դեռ չէին ավարտվել, վարչապետի այցին ընդառաջ մեկնարկել էր ուսումնառության գործընթացը:
Բացի դա, դժգոհ մնալով շինարարական աշխատանքների որակից՝ վարչապետն աշխատանքից ազատել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։
«Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞»,- դժգոհել էր վարչապետը՝ շարունակելով․ «Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկատ ե՞նք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»,- այցի ժամանակ ասել էր Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» Քաղաքաշինության կոմիտեից փորձեց պարզել, թե ո՞ր պաշտոնյաներն էին ստորագրել այդ շինարարական աշխատանքների ավարտը հավաստող հանձնման-ընդունման ակտերը։
Ի պատասխան մեր հարցման՝ Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրեցին, որ այդ օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտված չեն եղել, հետևաբար՝ ոչ մի պաշտոնյայի ստորագրություն չկար ավարտական որևէ ակտի վրա։
Ստացվում է, որ փաստացի՝ պաշտոնատար անձինք վարչապետին հրավիրել էին շինարարական աշխատանքները դեռևս չավարտված դպրոցներ, մարզադահլիճներ: Ավելին, այդ հաստատություններում մեկնարկել էր ուսումնառության պրոցեսը:
Միևնույն ժամանակ, չբացառելով պաշտոնյաների անգործության գործոնը, այնուամենայնիվ փաստենք, որ վարչապետի այցելած օբյեկտներում շինաշխատանքներն ավարտված չէին և հավանական է նաև տարբերակը, երբ դրանց ավարտից հետո Քաղաքաշինության կոմիտեն չընդուներ կատարված աշխատանքները և շինարարը ստիպված լիներ շտկել թերությունները։
Վահե Ղուկասյան