«Հրապարակ» թերթի կայքն այսօր՝ հունիսի 11-ին, «Նիկոլի «սուտը բռնվեց»» վերնագրով նյութ է հրապարակել և գրել, թե վարչապետի «սուտը» բացահայտվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի արձագանքման խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեի հայտարարությունից հետո, ըստ որի՝ կորոնավիրուսային ասիմպտոմ հիվանդը չի կարող վարակել մեկ ուրիշի։
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ կորոնավիրուսի ասիմպտոմ ախտանիշներ ունեցող Նիկոլ Փաշինյանը ո՞նց է վարակել իր ընտանիքի անդամներին։ Վարչապետն ասում էր․ «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից․․․»։ Փաստորեն ինքը, եթե նույնիսկ ասիմպտոմ ախտանիշներով կորոնավիրուս է եղել, չէր կարող վարակել ընտանիքի անդամներին»,- «բացահայտել էր» նյութի հեղինակը։
Լրատվական կայքը լուրերին չի հետևում
Հունիսի 8-ին ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն ճեպազրույցի ժամանակ իսկապես հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակակիրների որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ասիմպտոմ վարակակիրները վիրուս չեն փոխանցում շրջապատի մարդկանց։ Այս մասին, ինչպես տեսնում ենք, տեղեկացել էր նաև «Հրապարակի» լրագրողը։ Սակայն ընդամենը 24 ժամ չանցած՝ հունիսի 9-ին, ԱՀԿ-ն փոխել էր հայտնած դիրքորոշումը՝ այն անվանելով «թյուրըմբռնում», ինչի մասին նաև գրել էր Fip.am-ը։
Կերխովեն հայտարարել է, որ ԱՀԿ-ն դեռ չունի հարցի պատասխանը, թե որքան է ասիմպտոմ վարակակիրների միջոցով վիրուսի փոխանցման հավանականությունը։
Փաստացի՝ «Հրապարակը», լուրերին չհետևելով, հունիսի 11-ին «մեղադրում է» Նիկոլ Փաշինյանին սուտ խոսելու մեջ, մինչդեռ ԱՀԿ-ն ընդամենը 24 ժամ հետո ուղղել էր նախորդ հայտարարությունը՝ նշելով, որ իրենց ունեցած տվյալներով՝ առանց սիմպտոմների մարդկանց կողմից վարակի տարածումը հավանական է։
Նելլի Լազարյան