«Հրապարակ» օրաթերթի առցանց կայքը սեպտեմբերի 2-ին «Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ կային մի քանի փաստական սխալներ և մանիպուլյացիաներ։
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ վարչապետի աշխատակազմի նախկին երկու ղեկավարներն ունեցել են միայն մեկ տեղակալ, իսկ Արայիկ Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո տեղակալների թիվը հնգապատկվել է։
«․․․թավշյաները 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվն ավելացրել են հինգ անգամ»,- մասնավորապես, ասվում է հոդվածում։
«Հրապարակ» օրաթերթի այս հոդվածին հաջորդեց աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառում-հերքումը։
«Իրականում շատ վաղուց աշխատակազմի ղեկավարը ունեցել է երեք տեղակալ: Երբ ես եմ նշանակվել, եղել է չորս տեղակալ: Ես տեղակալների թիվն ավելացրել եմ միայն մեկով, այն պարզապես թափուր էր»,- հերքման տեքստում գրել է Հարությունյանը։
Հերքման տեքստին արձագանքեց «Հրապարակը»՝ գրելով, թե Արայիկ Հարությունյանի վերոնշյալ պնդումը կեղծիք է։ «Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նրա հինգ տեղակալից չորսը՝ Արթուր Հովսեփյան, Զարուհի Մաթևոսյան, Բագրատ Բադալյան, Տարոն Չախոյան, նշանակվել են մեր նշած 2021 թվականի փետրվարից հոկտեմբեր ամիսներն ընկած հատվածում [․․․] Այո, այդ հաստիքները եղել են, դա Արայիկ Հարությունյանը չի ստեղծել, բայց 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը փաստացի ավելացել է հինգ անգամ»,- ասվում է հոդվածում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ում պաշտոնավարման օրոք քանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է եղել և կողմերից ով ու ինչպես է մանիպուլացնում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարները և նրանց տեղակալները
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելուց երկու օր անց աշխատակազմի ղեկավար նշանակեց Էդուարդ Աղաջանյանին։ Այդ պահի դրությամբ աշխատակազմի ղեկավարն ուներ 2 տեղակալ (Արթուր Սարգսյան, Վահե Ջիլավյան)։ Էդուարդ Աղաջանյանի՝ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո մայիսի 31-ին վարչապետը աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակեց Ծովինար Սողոմոնյանին՝ աշխատակազմի ղեկավարի երկու եղած տեղակալներին՝ Արթուր Սարգսյանին ու Վահե Ջիլավյանին ազատելով զբաղեցրած պաշտոններից։
Էդուարդ Աղաջանյանի պաշտոնավարման ընթացքում վարչապետի որոշմամբ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվեցին նաև Սարգիս Խանդանյանը և Լիանա Ղալթաղչյանը։ Սարգիս Խանդանյանը կարճ ժամանակ հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ինչից օրեր անց այդ պաշտոնում նշանակվեց Սարգիս Թորոսյանը։
Էդուարդ Աղաջանյանը գրասենյակը լքեց 2021 թվականի հունվարի 18-ին։ Վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում, փաստորեն, աշխատակազմի ղեկավարի տեղակալները 3-ն էին՝ Ծովինար Սողոմոնյան, Լիանա Ղալթաղչյան և Սարգիս Թորոսյան։
Աղաջանյանի տեղը զբաղեցրեց Արսեն Թորոսյանը։ Նրա նշանակումից հետո՝ փետրվարի 18-ին, ղեկավարի տեղակալ նշանակվեց Տարոն Չախոյանը։ Այսինքն, այդ պահից վարչապետի աշխատակազմի ղեկավարն ուներ 4 տեղակալ։
Մոտ 6 ամիս պաշտոնավարելուց հետո Թորոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Արայիկ Հարությունյանը։
Փաստացի, «Հրապարակի» այն պնդումը, թե Էդուարդ Աղաջանյանի և Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին եղել է միայն մեկ ղեկավարի տեղակալ, սխալ է, քանի որ Աղաջանյանը պաշտոնավարման շրջանում ունեցել է 3 տեղակալ, Թորոսյանը՝ 4։
«Հրապարակ» օրաթերթի պնդումը, թե 2021 թվականի փետրվարից հոկտեմբեր ամիսներին ղեկավարի տեղակալի 4 նշանակում է եղել, փաստացի ճիշտ է, սակայն օրաթերթը կեղծում է՝ ասելով, թե տեղակալների թիվը հնգապատկվել է։
Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2021 թ. հուլիսի 1-ին։ Նրա նշանակումից հետո տեղակալի պաշտոնում եղել է 3 նշանակում, սակայն այս նշանակումներին զուգահեռ երկու աշխատակից ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
2021 թվականի օգոստոսի 3-ին և հոկտեմբերի 5-ին Լիանա Ղալթաղչյանն ու Ծովինար Սողոմոնյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, ինչին զուգահեռ օգոստոսի 14-ին, սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 7-ին տեղակալի պաշտոնում նշանակվել են Արթուր Հովսեփյանը, Զարուհի Մաթևոսյանը և Բագրատ Բադալյանը։
Այսպիսով, «Հրապարակի» պնդումները, թե մինչև Հարությունյանի պաշտոնավարումը աշխատակազմի ղեկավարները ունեցել են միայն մեկ տեղակալ և 2021 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել է, սխալ են․ Էդուարդ Աղաջանյանն ունեցել է 3 տեղակալ, Արսեն Թորոսյանը՝ 4, Արայիկ Հարությունյանը՝ 5։
Նարեկ Մարտիրոսյան