Հուլիսի 8-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից:
Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեջ ասվում է, որ այն. «Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս (17: 1-13), Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները»:
Վարդավառը հեթանոսական տոն է, որը նվիրված էր Աստղիկ դիցուհու պաշտամունքին: Տոնի անվանման իմաստը քչերին է հայտնի: Այն որևէ կապ չունի վարդ բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ:
Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Նրանք հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից:
Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես այս, այնպես էլ շատ մինչքրիստոնեական պաշտամունքային տարրեր չկարողացավ հանել ժողովրդի հիշողության միջից և դրանց տվեց քրիստոնեական շղարշ:
Վահրամ Թոքմաջյան
Լուսանկարը՝ Հետք․am-ի