Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Օրինագծի ընդունվելու դեպքում դեկտեմբերին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենային նոր օրենսգրքով։ Սակայն այն չընդունվեց քվորումի բացակայության պատճառով։ Նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն։
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, բացատրելով Գագիկ Ծառուկյանի՝ դահլիճից բացակայությունը, նշել է, որ վերջինս քվեարկության ժամանակ եղել է խորհրդարանում, սակայն ոչ հարմար արտահագուստ ունենալու պատճառով ներս չի մտել։
Ինչ վերաբերում է պատգամավորներից Վարդան Ղուկասյանի բացակայությանը, Նաիրա Զոհրաբյանը այն բացատրել է վերջինիս՝ Երևանում չլինելու հանգամանքով․ «Վարդան Ղուկասյանը, ենթադրելով, որ 5 անց կես քվեակություն չի լինելու, արդեն Գյումրիում էր և տեխնիկապես հնարավոր չէր, որ նա հասներ քվեարկության․․․»։
News.am կայքում տեղադրված է Նաիրա Զոհրաբյանի՝ լրագրողների հետ զրույցից մի հատված․ «Վարդան Ղուկասյանը հարմար արտահագուստով չէր. Նաիրա Զոհրաբյան» գլխագրով։
Այստեղ, սակայն, վերնագիրը չի համապատասխանում է իրականությանը, իսկ տեսանյութը մոնտաժված է։ Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը՝ կապված Գագիկ Ծառուկյանի բացակայության հետ, կտրված է և միացված Վարդան Ղուկասյանի բացակայության վերաբերյալ արված խոսքին։ Ստացվել է՝ իբր Վարդան Ղուկասյանը բացակայել է նիստից ոչ հարմար արտահագուստով լինելու պատճառով, մինչդեռ դա վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին։
Համեմատելու համար առաջարկում ենք դիտել ամբողջական զրույցը, որում Նաիրա Զոհրաբյանը խոսում է Ազգային ժողովի նիստի և պատգմավորների բացակայության մասին։ Իսկ news.am-ի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Կարինե Կիրակոսյան